Բավ է պառակտվել
21-03-2014 20:07

«Մենք համոզված ենք, որ ուկրաինական ճգնաժամը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ երկխոսության և բանակցությունների միջոցով».ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսելում անցկացվող Եվրոպայի ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին։ Գագաթնաժողովին մասնակցում են ԵԺԿ անդամ կուսակցությունների ներկայացուցիչ քաղաքական ղեկավարներ, երկրների նախագահներ, վարչապետեր, նախարարներ։
ԵԺԿ գագաթնաժողովին ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Սարգսյանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձ է կատարվել առկա մարտահրավերներին, որոնք վերաբերվում են Եվրոպային և տարածաշրջանին։ Խոսելով Ուկրաինայի շուրջ ծավալվող իրադարձություններին Տիգրան Սարգսյանն ասել է. «Ուկրաինայի ճգնաժամն այսօր համաշխարհային ուշադրության կենտրոնում է: Այն լուրջ մտահոգություն է մեր մայրցամաքի համար և մարտահրավեր մեր տարածաշրջանի խաղաղությանը և կայունությանը: Հայաստանը, գտնվելով աշխարհաքաղաքական բարդ միջավայրում և կանգնած լինելով անվտանգության լուրջ մարտահրավերների առջև, մշտապես աջակցել է վեճերի և ճգնաժամերի բացառապես խաղաղ կարգավորմանը: Եվ մենք վստահ ենք, որ ուկրաինական ճգնաժամը պետք է լուծվի նախևառաջ այս սկզբունքի հիման վրա: Այն պետք է կարգավորվի երկխոսության և բանակցությունների ճանապարհով՝ միջազգային իրավունքի նորմերի հիման վրա»:
Կարևորելով խաղաղության և կայունության դերը ՀՀ վարչապետն ասել է, որ անցյալ դարի ընթացքում Եվրոպայի ժողովուրդները, այդ թվում՝ հայերը, բարձր գին են վճարել մայրցամաքում խաղաղության և կայունության համար: Ժամանակակից Եվրոպան, ուր իշխում է համագործակցության և գործընկերության ոգին, մարդկության մեծագույն նվաճումներից է: Այսօրվա Եվրոպայում պարզապես տեղ չկա առճակատող մոտեցումների համար:
Տիգրան Սարգսյանը վստահություն է հայտնել, որ անցյալի զինանոցից վերցրած այս մոտեցումներն անընդունելի են ԵԺԿ ընտանիքի քաղաքական ուժերի համար: Այսօրվա փոխկապակցված աշխարհում բաժանարար գծեր ստեղծելու ձգտումն այլևս չի կարող համարվել որպես ընդունելի տարբերակ:
Պատասխանելով ԵԺԿ նախագահի տեղակալի հնչեցրած հարցին ՀՀ վարչապետն ասել է. «Արտաքին քաղաքականության մեջ մենք ունենք մի շատ զգայուն հարց. դա նախևառաջ Լեռնային Ղարաբաղի հարցն է: Մենք հավատարիմ ենք մնում հակամարտությունների կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից հայտարարված սկզբունքներին՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշման իրավունք: Մենք համոզված ենք, որ ուկրաինական ճգնաժամը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ երկխոսության և բանակցությունների միջոցով, միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան: Սա մեր պաշտոնական դիրքորոշումն է»։
Տիգրան Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ մի գործընկերոջ հետ հարաբերությունների ընդլայնումը և խորացումը չպետք է տեղի ունենա մեկ այլ գործընկերոջ հետ հարաբերությունների հաշվին: Հայաստանը կշարունակի վարել շահերի ներդաշնակեցման իր քաղաքականությունը: «Մենք ձգտում ենք լինել մեր գործընկերներին կապող կամուրջ, այլ ոչ թե նրանց շահերի բախման հարթակ: Մաքսային միությանը միանալու մասին որոշումը կայացնելիս մենք առաջնորդվել ենք հենց այս սկզբունքով: Միաժամանակ, մենք բազմիցս հայտարարել ենք, որ ԵՄ հետ մեր հարաբերությունները կշարունակեն մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություն», - ասել է Տիգրան Սարգսյանը։
Հայաստան - Եվրոպական միություն հարաբերություններին անդրադառնալով ՀՀ վարչապետն ասել է.«Բարեփոխումը Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում ամենալայնորեն կիրառվող եզրույթն է: Մենք բարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Հայաստանը տարիներ շարունակ ստացել է Եվրոպական միությունից: Այդ աջակցության շնորհիվ մենք շոշափելի առաջընթաց ենք գրանցել ժամանակակից ինստիտուտների կառուցման գործում: Մենք ցանկանում ենք շարունակել զարգացնել մեր հարաբերությունները Եվրոպական միության հետ: Այն կենսական նշանակություն ունի մեր երկրի հետագա առաջխաղացման, քաղաքական և պետական կառավարման ինստիտուտների կատարելագործման, տնտեսական զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման և տարածաշրջանում հավասարակշռության ու կայունության պահպանման համար: Այս փուլում մենք մեծ կարևորություն ենք տալիս ԵՄ հետ համագործակցության նոր շրջանակի մշակմանը: Որպես առաջին քայլ՝ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի ստորագրման առաջարկությունը, առանց Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի մասի, Հայաստանի համար, հավանաբար, լավագույն ուղին է: Մի կողմից այս շրջանակը պետք է արտացոլի ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորությունը և բնույթը, մյուս կողմից՝ այն պետք է համատեղելի լինի մեր այլ միջազգային գործընկերների հետ: Հայաստանի հանրապետական կուսակցությունում մենք դա դիտարկում ենք որպես մեր տարածաշրջանում շահերը ներդաշնակեցնելու լավագույն ճանապարհ»,- ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։