Բավ է պառակտվել
30-05-2014 19:27

Վարչապետը մասնակցել է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին (լուսանկարներ)

Մինսկի Անկախության պալատում այսօր Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը:


Նախ կայացել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների նեղ կազմով հանդիպումը, որի ընթացքում Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչը նիստի մասնակիցների անունից շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ, մաղթել արդյունավետ աշխատանք:


Այնուհետև ընդլայնված կազմով նիստում կառավարությունների ղեկավարները քննարկել են ԱՊՀ շրջանակում համագործակցության զարգացմանը վերաբերող շուրջ երկու տասնյակ հարցեր: Ստորագրվել են մի շարք համաձայնագրեր գիտատեխնիկական տեղեկատվության միջպետական փոխանակման, տրանսպորտային անվտանգության ապահովման, զինված ուժերի տեղագրա-երկրաբաշխական, նավիգացիոն ապահովման և հումանիտար ականազերծման ոլորտներում համագործակցության մասին, ինչպես նաև որոշ համաձայնագրերում փոփոխություններ կատարելու մասին որոշումներ: Հավանության են արժանացել մինչև 2020 թ. ընկած ժամանակահատվածում ԱՊՀ ազգային մարզաձևերի աջակցման ու զարգացման ծրագիրը` 2015-2017 թթ. միջոցառումների ծրագրով, հիդրոօդերևութաբանական գործունեության զարգացման ռազմավարության իրականացման, մինչև 2020 թ. ընկած ժամանակահատվածում դաբաղ հիվանդության կանխարգելման և դրա դեմ պայքարի ուղղությամբ համալիր միջոցառումների ծրագրերը:


Ի գիտություն է ընդունվել ԱՊՀ մասնակից պետությունների` մինչև 2020 թ. ինովացիոն ոլորտում համագործակցության միջպետական ծրագրի և 2012-2014 թթ. ծրագրի միջոցառումների համալիրի իրականացման ընթացքի, Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի, մշակութային համագործակցության խորհրդի գործունեության, ինչպես նաև ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության 2012 թ. և 2013 թ. փաստաթղթային ստուգումների արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը:


Որոշվել է ԱՊՀ մասնակից երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2014 թ. նոյեմբերի 21-ին Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում:
Նիստի ավարտից հետո ՀՀ կառավարության ղեկավարը մասնակցել է Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչի անունից ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի մասնակիցների պատվին կազմակերպված աշխատանքային ճաշին: