Բավ է պառակտվել
20-07-2018 20:02

Վարչապետը մեկնաբանել է Լևոն Տեր–Պետրոսյանի հետ ունեցած իր հանդիպումը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակիրճ ներկայացրեց իր և Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի հետ ունեցած հանդիպումը։ «Լևոն Տեր–Պետրոսյանն ասել է, որ ինձ հետ որոշ հարցեր քննարկելու ցանկություն ունի։ Հրավիրել եմ նրան կառավարական առանձնատուն։ Նստել ենք, սուրճ ենք խմել, քննարկել ենք արցախյան հարցը, նա փորձել է ինձ տալ տեղեկություններ, որոնք, մտածել է, թե ինձ կարող են հայտնի չլինել»,– ասաց նա։

Կառավարության ղեկավարը նշեց, որ պաշտոնավարման առաջին օրերին առաջին գործերից մեկը եղել է այն, որ ինքն ամբողջական տեղեկություն ստանա Արցախի խնդրի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին, և այդ հարցով նույնիսկ հրավիրել է նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին։ 

«Զոհրաբ Մնացականյանի և Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպել ենք, և չեմ բացառում, որ նման հանդիպում կարող է լինել նաև ապագայում, եթե լինեն նոր հարցեր»,– ասաց վարչապետը, հավելելով, որ ներքաղաքական հարցերին, ըստ էության, անդրադարձ չի եղել։ 

Փաշինյանի խոսքով, դա շատ օգտակար զրույց էր։ Բայց այն, ինչ Տեր–Պետրոսյանը հայտնել է վարչապետին, ինչպես նշում է նա, իրեն հայտնի էր։