Բավ է պառակտվել
16-03-2023 10:37

Վարհելին կոչ է արել Երևանին և Բաքվին օգտագործել հաշտեցման «պատմական հնարավորությունը»։ Եվրահանձնակատարը հաստատել է աջակցությունն Ադրբեջանին

Եվրամիությունը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին օգտվել «պատմական հնարավորությունից»՝ լուծելու տարաձայնությունները, և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։
«Մենք կոչ ենք անում երկու երկրների (Հայաստանի և Ադրբեջանի․ ԻՖ) ղեկավարներին օգտագործել պատմական հնարավորությունն այս հակամարտությունը վերջնականապես լուծելու և բովանդակալից երկխոսության վերադառնալու համար», - ասել է Հարևանության և ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Օլիվեր Վարհեին Եվրախորհրդարանի լիագումար նիստում Բաքվի և Բրյուսելի միջև հարաբերությունների վերաբերյալ քննարկումների ժամանակ։
«Շատ կարևոր հարցեր հրատապ լուծում են պահանջում»,- ընդգծել է Վարհեին, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
Նա լիակատար աջակցություն է հայտնել Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի ջանքերին, որոնք ուղղված են Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև երկխոսությանը խաղաղ գործընթացին առնչվող բոլոր հարցերի շուրջ՝ ներառյալ ապագա խաղաղության պայմանագիրը և սահմանազատումը:
Եվրահանձնակատարի խոսքով՝ Եվրամիությունը Հայաստանում առաքելություն է տեղակայել (EUMA) «լարվածությունը նվազեցնելու և խաղաղ գործընթացին աջակցելու համար»։ «Սա կարևոր քայլ է կայունության ամրապնդման և տարածաշրջանում ԵՄ դերի ամրապնդման համար»,- ասել է նա։
«Մենք պատրաստ ենք շարունակել աջակցել Ադրբեջանին՝ լինի դա խաղաղ գործընթացին նպաստելու, մարդասիրական օգնություն տրամադրելու և ականազերծման հարցում աջակցելու միջոցով», - հավելել է Վարհելին։