Բավ է պառակտվել
26-05-2021 07:56

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի խաղաղ կարգավորման տարբերակները սպառվում են. ԱԽ քարտուղար

«Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին մնում է լարված, այն մի փոքր նվազել է, բայց դա չի նշանակում, որ հանդարտություն է տիրում, ասել է Հայստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստատեսության եթերում։

«Մենք բազմիցս ասել ենք մեր գործընկերներին, որ նման լարված իրավիճակում անհնար կլինի վերահսկել իրավիճակն: Այս մասին տեղեկացրել ենք ՀԱՊԿ-ի մեր գործընկերներին և ասել, որ իրավիճակը կարող է վերահսկողությունից դուրս գալ ցանկացած զարգացման դեպքում: Այս դեպքերը (երեքշաբթի, մայիսի 25-ի իրադարձությունները - խմբ.) հերթական անգամ ցույց տվեցին, որ իրավիճակի կարգավորման համար անհրաժեշտ են անհապաղ միջոցառումներ: Հակառակ դեպքում, այս լարվածությունը վերահսկողությունից կարող է դուրս գալ ցանկացած միջադեպի արդյունքում», - ասել է նա:

Հիշեցնելով, որ Հայաստանը ՀԱՊԿ էր դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ հոդվածի համաձայն, Գրիգորյանն ասաց, որ հայկական կողմը շարունակում է ակնկալել, որ ՀԱՊԿ-ը քայլեր կձեռնարկի իրավիճակը կարգավորելու համար:

«Մենք այժմ բանակցում ենք Պաշտպանության նախարարների կոմիտեի նիստի հրավիրման շուրջ, ապա տեղի կունենա Անվտանգության խորհուրդների քարտուղարների (ՀԱՊԿ երկրների - խմբ.) հանդիպում», - ասել է նա:

Նշելով, որ այսօր իրավիճակը փոխվել է, և սահմանին հայկական կողմից զոհ կա, Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը պետք է ավելի արագ գործի. սկսի գործընթացը և առաքելություն ուղարկի:

«Ստեղծված իրավիճակում ՀԱՊԿ-ը պարտավորություն ունի առաքելություն ուղարկել հակամարտության գոտի կամ տվյալ պետության տարածք, որպեսզի առաքելությունը տա իր գնահատականը», - շեշտել է նա, հավելելով, որ այլ հարց չի կարող լինել. Ադրբեջանը պետք է լքի Հայաստանի տարածքը:

Պատասխանելով այն հարցին, թե որն է «կարմիր գիծը», որից այն կողմ «մենք հարված կհասցնենք Ադրբեջանին», որի զինծառայողները գտնվում են Հայաստանի տարածքում, Գրիգորյանը նշել է, որ, իրոք, հայկական կողմի սպասումներն արագ չիրականացան:

«Հարցը, թե երբ կգա ժամանակը, կախված է բազմաթիվ գործոններից: Մեր գործընկերների դիրքորոշումն այն է, որ լուծումը պետք է (ձեռք բերվի) խաղաղ, դիվանագիտական միջոցներով: Այս միջադեպը ցույց է տալիս, որ սպառվում են խաղաղ և դիվանագիտական ճանապարհով խնդիրը լուծելու հնարավորությունները, և ավելին ասեմ, ՀԱՊԿ 4-րդ հոդվածով ՀԱՊԿ-ին դիմելու իրավիճակ են ստեղծում: Եվ ՀԱՊԿ-ը պետք է հաշվի առնի այս հանգամանքն», - ասել է նա` հավելելով, որ այս դեպքում Հայաստանը ՀԱՊԿ գործընկերների հետ միասին ստիպված կլինի խնդիրը լուծել այլ միջոցներով:

Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն, եթե անդամ պետություններից մեկը ենթարկվի ագրեսիայի (զինված հարձակում, որը սպառնում է անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը) րևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ:

Մասնակից պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաև կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի։