Բավ է պառակտվել
22-06-2021 12:06

Բանակցություններ են ընթանում Գեղարքունիքի մարզում ռուս սահմանապահների տեղակայման շուրջ․ Հայաստանի ԳՇ պետ

Հայ-ադրբեջանական սահմանին ռուս սահմանապահների տեղակայման շուրջ բանակցությունները շարունակվում են, երեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը վերջերս հայտարարեց, որ առաջիկա օրերին Գեղարքունիքի հայ-ադրբեջանական սահմանին կտեղակայվեն ռուս սահմանապահները, և կիրականացվի հայ-ադրբեջանական զինված ուժերի հայելային հետքաշում:

«Գործընթացներն ընթանում են, և երբ վերջնական որոշում լինի՝ անպայման կետեղեկացնենք։ Վերջնական որոշումը միայն մեր ցանկությունը չէ, դրան մասնակցում են նաև այլ կողմեր։ Բանակցություններն ընթանում են: Կլինի այհպես, ինչպես ասացինք, բայց ժամկետների և տեխնիկական հարցերի իրականացման վերաբերյալ դեռևս քննարկումներ են ընթանում», - ասաց Դավթյանը:

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք արդեն ձեռք է բերվել ադրբեջանական կողմի համաձայնությունը, նա պատասխանեց, որ հայկական կողմն իր տարածքում է:

«Մենք մեր տարածքում Ադրբեջանին հարցնելու ոչինչ չունենք։ Բանակցություններն ընթանում են ռուսական կողմի հետ, քանի որ կան հարցեր, մեր նպատակն է՝ առանց բախումների հետ քաշել սահմանից մեր տարածքում հայտնված ադրբեջանական ստորաբաժանումները: Մեր տարածքում պետք է միջոցառումներ իրականացվեն, և անհրաժեշտության դեպքում մենք կհամագործակցենք ռուսական կողմի հետ», - ասաց Դավթյանը:

Ըստ նրա՝ խոսքը միայն ռուս սահմանապահ ուժերի ու սահմանապահ զորքերի տեղակայման հարցը, այլ երկրների խաղաղապահների տեղակայման հարց չի քննարկվել ու չի քննարկվում։

Նա շեշտեց, որ բանակցությունները շարունակվում են, բայց զիջումներ չեն լինի՝ հույս հայտնելով, որ հարցը կլուծվի բանակցային ճանապարհով։

«Մենք չենք պատրաստվում զիջումների գնալ, զիջումներ չեն լինի: Հուսով ենք, որ հարցը կլուծվի բանակցությունների միջոցով, Բանակցային ճանապարհով համապատասխան որոշումներ չկայացվելու դեպքում կկայացվեն համապատասխան որոշումներ։ Կարող եմ հաստատել․ Բանակը պատրաստ է լուծել այս հարցը ու-ային ճանապարհով, սակայն դա անցանկալի տարբերակ է, մանավանդ, հաշվի առնելով պատերազմի ընթացքում մեր կրած կորուստները։ Եթե մենք հնարավորություն ունենք հարցը լուծել բանակցային ճանապարհով, ավելի լավ է որոշ ժամանակ այդպես էլ անել, քան գնալ նոր բախումների և բարդությունների», - ասաց Դավթյանը:

Ինչ վերաբերում է սահմանին տիրող ընդհանուր իրավիճակին և հակառակորդի թվին, ապա, ըստ նրա, հակառակորդի քանակը մնում է նույնը, շուրջ 10-20 զինծառայողի ռոտացիա է արվում՝ ելնելով տվյալ պահի կարիքներից:

«Միջադեպերը, որ նախկինում կային, այս պահին այդ ծավալով չկան։ Դա առաջին հերթին պայմանավորված է ակտիվ ընթացող բանակցային գործընթացով»,– ասաց Դավթյանը։