Բավ է պառակտվել
01-02-2022 21:20

Միացյալ Թագավորությունն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը երեքշաբթի հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Քրիս Հիթն-Հարիսի հետ, հայտնում է արտգործնախարարության մամլո ծառայությունը։

Կողմերն անդրադարձել են Հայաստանի Հանրապետության և Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակին և նշել, որ վերջին երեք տասնամյակների ընթացքում մեծ աշխատանք է կատարվել երկկողմ հարաբերությունների կայացման և ամրապնդման ուղղությամբ: Արարատ Միրզոյանն ու Քրիս Հիթն-Հարիսը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների օրակարգի հետագա ընդլայնման ու երկխոսության ակտիվացման շուրջ:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունությանը և անվտանգությանը վերաբերող հարցեր:

Հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրների շարքում ընդգծվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման անհրաժեշտությունը, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական կրոնական ու մշակութային ժառանգության պահպանությունը:

Զրուցակիցները կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Քրիս Հիթն-Հարիսը նշել է, որ Միացյալ Թագավորությունը աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը:

Միրզոյանը և Հիթն-Հարիսն անդրադարձել են նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների` առանց նախապայմանների կարգավորման գործընթացին։ Բրիտանական կողմն իր աջակցությունն է հայտնել կարգավորման գործընթացին: