Բավ է պառակտվել
04-09-2020 21:36

«Ձեր նախարարին հետ բերեք լեռներից ու գործով զբաղվեք, թե չէ ողբերգական հետևանքներն անխուսափելի են լինելու»– Իվետա Տոնոյանը:

«Կարծում եմ՝ ինչպես 2015-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չէր առաջնորդվում իր սեփական, քաղաքական, կուսակցական օրակարգով, այլ գտնվում էր ուրիշ քաղաքական ուժերի ազդեցության տակ, այնպես էլ այսօր, ես կարծում եմ՝ նույն իրավիճակն է, ԲՀԿ-ն չի առաջնորդվում սեփական քաղաքական օրակարգով և գտնվում է որոշակի քաղաքական ուժերի ազդեցության տակ: Եվ ինչպես 2015-ին եղավ այս համատեքստում, արդյունքը, կարծում եմ, բավականին կանխատեսելի է»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Խմբակցության ղեկավարը հավելեց՝ խոսքը Հայաստանի ներսում գործող քաղաքական ուժերի մասին է:
Մակունցի խոսքով՝ բոլորը գիտեն, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 2015-ի սկզբին քաղաքական ինչ ուժերի կամ ուժի ազդեցության տակ էր, և այդ առումով շատ բան չի փոխվել:
Մակունցի այս հայտարությանը արձագանքել էր ԲՀԿ –ական պատգամավոր Իվետա Տոնոյանը ասելով, որ Մակունցի այս հայտարարությունը զավեշտալի է ։
«Մակունցը դժվարացել է պատասխանել, թե դրանք հատկապես ի՞նչ ուժեր են: «Դժվարացել է, քանի որ չկա նման բան, դժվարացել է, քանի որ ուղղակի ասել է՝ ասելու համար, դժվարացել է, քանի որ Գագիկ Ծառուկյանի վրա ցեխ շպրտելու իշխանության ամբողջ գործիքակազմն արդեն սպառվել է ու անցում են կատարել երևակայությանն ու գիտաֆանտաստիկայի ժանրին: Զավեշտալի է հատկապես այն առումով, որ ինչ որ ուժերի ազդեցության մասին խոսում է մի այնպիսի քաղաքական ուժի անդամ, որի ներկայացուցիչների մի ահռելի հատված ամենասերտ կապերն ունի հայտնի Սորոսի գրասենյակի ու նրա ֆինանսական աղբյուրների հետ, մի մասը ջերմագին հարաբերություններ ունի տարբեր տեսակի փոքրամասնությունների հետ, մի մասն էլ նախկինում այլ քաղաքական ուժերին տված հավատարմության երդումները մոռացած պատսպարվել է իշխանության շարքերում:

Իվետա Տոնոյանը խորհուրդ է տվել նեղություն չքաշել ու «Իմ քայլ»-ի պիտակը ԲՀԿ-ի վրա չփակցնել․
«Ցավալին այն է, որ ամբողջ իշխանական 88 հոգանոց խմբակցությունից չգտնվեց գեթ մեկ պատգամավոր, ով այս ժամանակահատվածում բովանդակային քննադատություն կներկայացներ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունների հետ կապված: Թե չէ երևակայությանը զոռ տալ ու անձնական վիրավորանքների մակարդակին իջնել բոլորն էլ կարող են, այլ բան է, որ ոմանց դաստիարակությունն ու անցած ճանապարհը դա թույլ չի տալիս, իսկ մյուսների մոտ դրանց բացակայությունը շաղակրատելու լայն հնարավորություն է ստեղծում: Իսկապես ամո՛թ է, որ առկա հազարավոր խնդիրները լուծելու փոխարեն, իշխանությունն իր ամբողջ կազմով լծվել է Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի վերաբերյալ ստեր հորինելու ու տարածելու ապաշնորհ գործին: Գոնե հիմա, երբ ամբողջ աշխարհը նախապատրաստվում է կորոնավիրուսի բռնկման երկրորդ հնարավոր ալիքին՝ ձեր նախարարին հետ բերեք լեռներից ու գործով զբաղվեք, թե չէ ողբերգական հետևանքներն անխուսափելի են լինելու»,–ասել է Իվետա Տոնոյանը:

 

 

Արմինե Գևորգյան