Բավ է պառակտվել
05-12-2019 14:49

Աղբի ու ավտոմեքենաների կմախքների մասին կառավարության նիստում

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի հասկանում՝ ինչու Հայաստանոմ շինարարություն անել՝ նշանակում է աղբ տարածել ամենուր: «Չեմ կարող դա հասկանալ, ընդ որում, պարոն Վերմիշյան, դեռ ամիսներ առաջ հանձնարարություն եմ տվել էս հարցով: Ես չեմ հասկանում, թե համապատասխան տեսչությունը ինչու՞ չի տուգանում էն շինարարներին, որոնք շինարարություն ասելով՝ հասկանում են աղբ կուտակել», - ասաց վարչապետը:
Վարչապետը չի հասկանում՝ եթե հիմա կառավարության շենքում տեղի է ունենում վերանորոգման աշխատանք, ինչու պետք է բոլորն աղբի մեջով քայլեն, գնան ու գան:
Աղբի թեման այսքանով չավարտվեց, քանի որ վարչապետը անդրադարձավ հին ավտոմեքենաների կմախքները պահելու խնդրի մասին, և այն համարեց քաղաքակրթական խնդիր:
«Մենք պետք է գնանք կոշտ միջոցների և ասենք` եթե այդքան թանկ է, պետք է տուրք վճարեք, հակառակ դեպքում` փոսից դուրս չենք գա»,-ասաց նա և նշեց, որ չնայած դրան` այս հարցում որոշակի հաջողություն ունեն: Վարչապետը նշեց, որ իրենք այստեղ լուծում են ոչ թե տնտեսական, այլ քաղաքակրթական հարց:
«Այդ մասին, որ գրառում էի արել, ասում են` փաստորեն, Դուք մարդկանց պարտադրում եք, որ մետաղը ջրի գնով հանձնեն Սերժ Սարգսյանի հետ կապ ունեցող ընկերությունը: Այդ որ այդ մետաղը հիսուն տարի մնացել է, և ժանգոտում է, մեկ կոպեկի շահույթ չի բերել, որ երեխեք են բարձրացել այդտեղ, ընկել և այդ երեխեքի վիզուալ գեղագիտությունը հիսուն տարի փչացրել է, այդ ոչինչ:

Այստեղ էլի գալիս է ներքաղաքական դավադրություն, որ փաստորեն, էս սաղ հեղափոխությունը նրա համար էր, որ ժեշտի կուզովները տանեն, հին կոռումպացված ռեժիմի նպատակներին ծառայեցնեն: Խելագարվելու բան է, թե ոնց են մարդիկ ռեակցիա տալիս, ու երբեմն այս մարդիկ մեր կուսակցության անդամներ են, երբեմն ԱԺ պատգամավորներն են սենց բաներ գրում, ուզում ես պատուհանը բացես ու .... ծիծաղով ասաց վարչապետը:

Ապա, կատակելով, շարունակեց. «Դրա համար մեր անվտանգությունը պատուհանները նենց է դասավորել, որ չեն բացվում մեկ-երկու նման փորձից հետո, հիմա էլ ցանց են ուզում տակերը դնել», - ասաց վարչապետը:

 

Արմինե Գևորգյան