Բավ է պառակտվել
01-06-2020 19:06

Դուք կնոջ զգեստապահարանը փորփրող վարչապետ եք․ Անի Սամսոնյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է պատասխան՝ ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Նա գրել է.
«Հարգարժա՛ն պարոն վարչապետ, Կառավարության հետ վերջին հարցուպատասխանի ժամանակ, երբ ես Ձեզ հարցրի Ղալումյանների վերաբերյալ առկա հնարավոր կոռուպցիոն գործարքների և նախկինում կատարված չարաշահումների վերաբերյալ՝ ներկայացնելով փաստեր, Դուք զայրացաք և սպառնացիք հանձնարարել ստուգել իմ ազգականներին։

Այդ հարցուպատասխանից հետո իշխանական պատգամավորին պատկանող օրաթերթում հրապարակվեց հոդված իմ նախկին ամուսնու գործունեության վերաբերյալ՝ շաղախված ստով և փորձ անելով ինձ կապել ինչ-որ գործարքների հետ։

Ըստ էության Դուք ժամանակ չեք կորցրել և հանձնարարել եք ոչ միայն ստուգել, այլև շատ արագ հրապարակել այն, որպեսզի մարդիկ մոռանան Ղալումյաններին և զբաղվեն իմ անձնական կյանքով։

Պետք է ասեմ, որ Դուք կին ընդդիմադիր քաղաքական գործչի զգեստապահարանից նրա նախկին ամուսնու ձախորդության կմախքը փորփրող վարչապետ եք։

Անձնական կյանքիս անհաջողության գործոնով ինձ հեղինակազրկելու Ձեր ջանքերը միայն Ձեր մշակույթի և որակի վաստակն են։

Դրանով ուզում եք ինձ լռեցնել և ճնշել որպես քաղաքական գործիչ։ Ասեմ՝ Դուք լավ չեք ճանաչում Ձեր ընդդիմախոսին։ Ինձ լռեցնելու բոլոր փորձերով վատնում եք Ձեր ժամանակը, որովհետև ես ամեն ինչին պատրաստ եմ եղել և շարունակում եմ մնալ պատրաստ։

Պարո՛ն վարչապետ, շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ։ Մաղթում եմ ամրություն և խաղաղություն Ձեր ընտանիքին։ Ապաքինվեք»։