Այսօր ԱԺ միջանցքում խորհրդարանի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանն ու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վիճեցին ու փորձեցին պարզել նախկին հաշիվները ։
Նախ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը լրագրողների համար կարդաց 2018-ի իր գրառումը, որը գրել էր «Ելք» Դաշինքի խմբում։
«Դուրս եկեք փողոց որպես ավագանի, որպես երևանցի, դա ձեր կուսակցական դիրքորոշումը թող չլինի»։ Նշենք, որ այս մասին Ալեն Սիմոնյանը բարձրաձայնել էր ԱԺ ամբիոնից, ինչին ի պատասխան Մարուքյանը ասել էր, որ որևէ ապացույց չկա, ու Սիմոնյանը ստել էր, քանի որ նման նամակ չկա գրված։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը, սակայն, հակադարձեց` ասելով, թե տեսանյութ կա, որը շուտով կհրապարակի։ Ի պատասխան Սիմոնյանը նշեց՝ ինքն էլ հրապարկելու փաստեր ունի և խոստացավ դրանք շուտով ներկայացնել հանրությանը։
Դրանից հետո Սիմոնյանն հիշեց ՀՀ երրորդ նախագահին և հիշեցրեց՝ «Լուսավոր Հայաստանի» պատգամավորները «խնդրում էին», որ Սերժ Սարգսյանի հանդեպ այդքան ուշադիր չլինեն»։
«Սերժ Սարգսյանը ձեր Սերժ Սարգսյանն է»,– հակադարձեց Մարուքյանը և հարց ուղղեց ԱԺ փոխնախագահին՝ եթե իրենցը չէ, ինչո՞ւ չեն «նստացնում» նրան։
Սիմոնյանը չբացառեց, հնարավոր է՝ «նստացնեն»․ «Կարող է և նման բան էլ լինի, ով իմանա։ Դեռ էնքան մարդ կարող է նստել»։
Անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին եւ վերջին շրջանում ստեղված լարված մթնոլորտին՝ Ալեն Սիմոնյանն ասաց, որ ինքը ընդունում է այն ներողությունները, որոնք հայտնեց Էդմոն Մարուքյանը. «Գնահատում եմ դա եւ կոչ եմ անում ձեզ՝ վերադառնալ աշխատել, որովհետեւ այն ինչն այստեղ ասում եք՝ առ այն, որ այլ կարծիք չկա՝ վիրավորանք է։ Ձեզ ոչ մեկ հետեւից չի խփել՝ տեսանյությում էլ կա»։
Մարուքյանն արձագանքեց. «Նայեք՝ ում հետ գործ ունեք։ Սաղ երկրագունդը նայել է, Ալեն Սիմոնյանն ասում է՝ քեզ հետեւից չեն խփել։ Ես ձեզ հետ բանավեճ չունեմ, հետո էլ Նիկոլ Փաշինյանն է մեղավոր, որ դու տենց խոսում ես, ինք չի դատապարտում ձեր վարքը»:
Ալեն Սիմոնյանն էլ ասաց, որ Էդմոն Մարուքյանն էր ուզում՝ իրեն խփեին. «Դուք մեկ տարի է՝ ուզում եք, որ ձեզ խփեն։ Դուք անում եք ամեն ինչ, որ ձեզ խփեմ։ Պարոն Մարուքյան դուք ամեն ինչ արել եք որ ձեզ հարվածեն, որ դուք հարցազրույց տաք, ելույթ ունենաք։ Ցավդ տանեմ, վիրավորանքը կարծիք չի»։
Մարուքյանն ասաց, որ նրանց պատասխանատուն վարչապետ Նիկոլ Փաշինյանն է. «Ես կոչ եմ անում, որ Ալեն Սիմոնյանը դատապարտի ինձ թիկունքից խփող ընկերներին»։
Արմինե Գևորգյան