Բավ է պառակտվել
07-06-2016 15:42

Փոխխոսնակ. ՀՕՊ–ի մասին պայմանագիրը կարևոր է Հայաստանի անվտանգության համար

Հայաստանի ռազմական ղեկավարությունն այնպիսի օրինագիծ չէր ներկայացնի, որը կհակասեր երկրի շահերին, կարծում է ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը

Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կարծում է, որ Ռուսաստանի հետ ՀՕՊ միացյալ համակարգ ստեղծելը կարևոր է երկրի անվտանգության համար, լրագրողներին ասաց ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը։

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովը հունիսի 3-ին հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրին:

«Չեմ կարծում, որ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նման հարցադրումները բերելով ու հասցնելով խորհրդարան, խորը վերլուծություն չի իրականացրել և խորապես չի համոզվել, որ խնդրի նման լուծումն իսկապես օգտակար է ու Հայաստանի համար կարևոր»,- ասաց Նաղդալյանը։

Նրա խոսքով` շատ կարևոր է հասկանալ, որ Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները լուրջ հիմք են հանդիսանում երկրի առջև ծառացած խնդիրները հետագայում լուծելու համար։

Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը հայտնել էր, որ համաձայնագրի նպատակը կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ համակարգերի կատարելագործումն է։