Բավ է պառակտվել
24-02-2015 12:00

Ընդդիմությունը կաղում է 3 ոտքից.Հ. Նաղդալյան

Ընդդիմությունը կաղում է 3 ոտքից: Այս մասին այսօր  խորհրդարանում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ նկատի ունենալով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հայտարարությանը, թե «ընդդիմությունը թոփալ է»: «Ընդդիմությունը ոչ թե թոփալ է, այլ մեր գործընկերն է ոտքը վնասել, իսկ ընդդիմությունը, ըստ իս, կաղում է եւ կաղում է 3 ոտքից: Ընդդիմություն չի նշանակում քննադատություն: Քննադատությունից հետո դուք պետք է քայլեր առաջարկեք՝ հարցեր լուծելու համար, իսկ դուք ասում եք՝ գնացեք, որ մենք գանք: Այսպես չի լինում»,- ասաց Հերմինե Նաղդալյանը: Նա հիշեցրեց, որ միջազգային դիտորդական խմբերը միաձայն արձանագրել են, որ Հայաստանում տեղի ունեցած նախագահական եւ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են օրենքին համապատասխան, ինչը նշանակում է, որ մեզ մոտ ընտրակեղծիքներ չեն եղել, ինչպես շեշտում է ընդդիմությունը: «Գործընկերներս սիրում են խոսել նաեւ Հայաստանի քաղաքական մեկուսացման մասին, սակայն քանի՞ մեկուսացված երկրի հետ է Եվրամիությունը համագործակցում: Խոսում եք ներդրումների ծավալի նվազման մասին, բայց դա միայն Հայաստանի՞ն է հատուկ: Չկա նման բան»,- ավելացրեց Աժ փոխնախագահը՝ հիշեցնելով, թե հարեւան երկրներն այս պահին տնտեսապես ինչ ծանր վիճակում են գտնվում, որը, սակայն, կառավարման ճգնաժամի հետ կապ չունի: Վերջում, Հերմինե Նաղդալյանը խորհուրդ տվեց երկրում կատարվող լավ երեւույթները չկապել ընդդիմության, իսկ վատերը՝ իշխանության հետ: Նշենք, որ Աժ-ում քննարկվում է կառավարման ճգնաժամի մասին նախագիծը: