Բավ է պառակտվել
04-02-2015 15:10

ԱԺ փոխնախագահը Չինաստան-Հայաստան բարեկամական խմբին հրավիրել է Հայաստան

ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հերմինե Նաղդալյանը փետրվարի 4-ին հանդիպել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ: Շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ՝ ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ երկու երկրների խորհրդարանների միջեւ ձեւավորված ջերմ ու բարեկամական հարաբերություններն այսուհետ եւս կունենան արդյունավետ զարգացումներ: Հերմինե Նաղդալյանը կարեւորել է երկու երկրների միջեւ առկա բարձր մակարդակի քաղաքական շփումները, փորձի փոխանակումները, փոխայցելությունները եւ երկկողմ հանդիպումները: Այս համատեքստում տիկին Նաղդալյանն անդրադարձել է բարեկամական խմբերի գործունեությանը եւ հրավիրել Չինաստան-Հայաստան բարեկամական խմբի անդամներին Հայաստան: ԱԺ փոխնախագահը նշել է, որ սերտ համագործակցություն կա նաեւ Կանանց Համաչինական ֆեդերացիայի հետ եւ կարեւորել երկու երկրների հասարակական ու քաղաքական ակտիվ գործունեություն ծավալող կանանց համագործակցությունը: Նրա խոսքով՝ երկու երկրների խորհրդարանական կանայք բազմաթիվ ծրագրեր ու գաղափարներ ունեն, որոնց իրականացման հարցում ինքն ակնկալում է դեսպանի աջակցությունը: Թիան Էրլունը եւս ընդգծել է, որ հայ-չինական կապերի ընդլայնման համար արդեն իսկ ամուր հիմք կա եւ պատրաստակամություն է հայտնել իր ներդրումն ունենալու միջպետական համագործակցության առավել զարգացման եւ տարբեր ծրագրերի իրականացման հարցում: Նա կարեւորել է համագործակցությունը մշակութային, առեւտրատնտեսական, հումանիտար ոլորտներում՝ նշելով, որ մեծացել է երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալը:Դեսպանը շնորհակալություն է հայտնել տիկին Նաղդալյանին հայ-չինական հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման հարցում ունեցած մեծ ավանդի համար:Քննարկվել են նաեւ տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական գործընթացներին առնչվող հարցեր: