Բավ է պառակտվել
26-11-2016 16:10

ՀՀ և ՌԴ ՊՆ-ները Մոսկվայում կստորագրեն միացյալ զորամիավորման մասին համաձայնագիրը

Նոյեմբերի 27-ից 30-ը տեղի կունենա ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն, որի շրջանակում նախատեսվում է հանդիպում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ: Սա Սարգսյանի առաջին միջազգային այցն է, որպես Պաշտպանության նախարար:
ՀՀ պաշտպանության նախարարը, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք պատահականություն է, թե օրինաչափություն այն, որ առաջինն այցելում է ՌԴ, Սարգսյանն ասել է. «Իհարկե, օրինաչափություն է»:
«Հայաստանին ու Ռուսաստանին միմյանց են կապում ոչ միայն երկարաժամկետ դաշնակցային հարաբերությունները, այլ նաև երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը, եղբայրական ու բարեկամական կապերը: Օրակարգում կլինի այց Ռոստովի Հարավային ռազմական շրջանի շտաբ, բանակցություններ շրջանի ռազմական ղեկավարության հետ, ծանոթություն կառուցվածքային ստորաբաժանումներին:
Մոսկվայում նախատեսված են բանակցություններ Սերգեյ Շոյգուի հետ, Հայաստանի և Ռուսաստանի ԶՈՒ-ի միջև միջպետական միացյալ զորամիավորման մասին համաձայնագրի, ինչպես նաև 2017 թվականին պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության ծրագրի ստորագրում»,- ասել է Սարգսյանը:
Նրա խոսքով` միացյալ զորամիավորման հիմնական խնդիրն է ժամանակին բացահայտել Հայաստանի և Ռուսաստանի դեմ ռազմական հարձակման նախապատրաստությունն ու նպաստել ՀՀ և ՌԴ ԶՈՒ-ի փոխգործակցության ամրապնդմանը:
Նոյեմբերի 30-ին Մոսկվայում տեղի կունենա ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը: