Բավ է պառակտվել
23-07-2016 19:19

Վիտալի Բալասանյան. «Սասնա ծռերի» անդամները պետք է զենքերը վայր դնեն

«Կարող եմ կրկնել Հայաստանի Հանրապետության նախագահի խոսքերը՝ իրավապահ մարմինների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, որին մասնակցել եմ ես: Որևէ անօրինական քայլ չեն անելու: Զինված խմբի կողմից զավթած ՊՊԾ գնդի տարածքում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի ազգային հերոս, Արցախի ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը, ով բանակցություններում հանդես է գալիս որպես միջնորդ կողմ:

Հարցին, թե ինչ կլինի, եթե խմբի անդամները վայր դնեն զենքը, Բալասանյանն ասաց.

«Միանշանակ, բոլորին ձերբակալելու են: Գործ է հարուցվելու, որովհետև այստեղ մարդիկ զենք են կրել, ունեցել ենք մեկ զոհ և վիրավորներ: Պետք է միանշանակ ճշտվի՝ ով է այդ հանցանքը կատարել: Իսկ նրանք, ովքեր այնքանով որքանով մասնակցել են, կարծում եմ ՀՀ նախագահի ու իրավապահների օժանդակությամբ արվելու է այն, որպեսզի տույժերը լինեն շատ մինինալ»,-ասաց նա:

Բալասանյանը չբացառեց, որ խմբի անդամներից ոմանց նախագահը ներում շնորհի. «Հնարավոր է, չի բացառվում, դա նախագահի լիազորությունների մեջ է մտնում: Ես որևէ բան չեմ բացառում»:
Բալասանյանը կարծում է, որ զինված խմբի անդամները պետք է վայր դնեն զենքերը:

«Դա մեր բոլորի պահանջն է, մեր ժողովրդի պահանջն է, դա իշխանությունների պահանջը չի: Դա մեր բոլորի արյունն է, իշխանության արյունը չէ»:
Նա նշեց, որ խմբի անդամների հետ բանակցությունները կշարունակվեն զենքերը վայր դնելուց հետո: