Բավ է պառակտվել
17-09-2021 15:55

Հայաստանի փոխվարչապետը՝ Գորիս—կապան ճանապարհին ադրբեջանական հենակետի պատճառով իրանական բեռնատարների խնդրի վերաբերյալ

Հայաստանի կատավարությունն ինտենսիվ աշխատում է Գորիս-Կապան միջպետական ճանապարհահատվածի հետ կապված խնդիրը լուծելու, ինչպես նաև շրջանցիկ՝ Տաթևով անցնող ճանապարհը բարեկարգելու և այլընտրանքային լուծումներ գտնելու ուղղությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝, այս մասին ուրբաթ ճեպազրույցի ընթացքում ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, անդրադառնալով Ադրբեջանի հսկողության տակ գտնվող ճանապարհահատվածում իրանական բեռնատարների երթևեկը խոչընդոտելու դեպքերին:
«Մենք երկու ուղղությամբ էլ հիմա ինտենսիվ աշխատում ենք՝ ե՛ւ խնդրի լուծման, ե՛ւ այլընտրանքային լուծումներ գտնելու իմաստով: Կարծում եմ՝ երկու ուղղությամբ էլ աշխատանքներն ինտենսիվ կշարունակվեն, և, ի վերջո, ինչ-որ լուծում կգտնենք այդ խնդրին: Եթե ալտերնատիվ ենթակառուցվածքային լուծում տանք՝ դա, իհարկե, շատ լավ լուծում կլինի, որովհետև այն կբալանսավորի իրավիճակը»,- ասել է Մհեր Գրիգորյանը:
Փոխվարչապետի խոսքով՝ Սյունիքի ճանապարհների ենթակառուցվածքային լուծումը ենթադրում է անվտանգության և այլ բնույթի ռիսկերի մեղմում, ինչպես նաև՝ տեխնիկական լուծումներ, որոնք ավելի ապահով կդարձնեն երթևեկությունը, մինչև վերջնական լուծում տրվի մնացած բոլոր խնդիրներին:
«Բոլոր ճանապարհները պետք է լինեն և լիարժեք գործեն: Դա մեր ցանկությունն է և նպատակը»,- ընդգծել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: