Բավ է պառակտվել
17-02-2022 18:32

Հայաստանի փոխվարչապետի համար տեսանելի է տարածաշրջանում հաղորդակցման ուղիների ապաշրջափակման հնարավորությունը

Տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման և մասնավորապես երկաթգծի բացման հնարավորությունները տեսանելի են: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ մեկնաբանելով վարչապետի այսօրվա խոսքերը Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերաբերյալ:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ակնկալում է Հայաստանն ու Ադրբեջանը կապող երկաթգծի կառուցման վերաբերյալ համաձայնագրերի իրավական ամրագրումը։ Նա հույս է հայտնել, որ շուտով ձեռք բերված պայմանավորվածությունները որոշակի փաստաթղթով կամրագրվեն, և դե յուրե գործընթացն ամբողջ թափով կծավալվի։
Փոխվարչապետի խոսքով՝ այս պահի դրությամբ նոր համաձայնություններ չկան, բայց ամեն դեպքում հարցի վերաբերյալ պայմանավորվածությունները ստանալու են գրավոր ձևակերպում՝ ըստ իրավական պահանջների:
«Կան ընդհանուր սիմետրիկ ընկալումներ առ այն, որ ապաշրջափակման, մասնավորապես՝ երկաթգծի բացման հետ կապված հնարավորությունները տեսանելի են, և ըստ այդմ, իհարկե, նման միջոցառում սկսելուց առաջ պետք է լինի նաև պայմանավորվածության գրավոր ձևակերպում, որովհետև ներդրումները մեծ են և ենթադրում են պայմանավորվածության ձևակերպում», - ասել է Մհեր Գրիգորյանը:
Հարցին՝ կան արդյո՞ք կոնկրետ համաձայնություններ այս պահի դրությամբ, փոխվարչապետը պատասխանել է, որ այս պահի դրությամբ բոլոր համաձայնությունների վերաբերյալ եղել են պաշտոնական հայտարարություններ:
Գրիգորյանն անդրադարձել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև Սոչիում 2021 թ. նոյեմբերի 26-ին Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ ձեռք բերված և 2021 թ. դեկտեմբերի 14-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ վերահաստատված պայմանավորվածությանը երկաթուղու վերագործարկման մասին:
«Մասնավորապես Բրյուսելյան հայտարարությունը հստակ ասում է այն պայմանավորվածության, կողմերի այն մոտեցումների մասին, որոնք վերաբերում են երկաթգծին», - նշել է փոխվարչապետը:
Հայաստանն իր բյուջեից կֆինանսավորի մինչև Ադրբեջանի հետ սահմանը ենթակառուցվածքների շինարարությունը, ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, նշելով, որ ավելի տրամաբանական կլինի, եթե սա պետական ​​ենթակառուցվածք լինի։
«Մեր վերջնական նպատակը ապաշրջափակման այնպիսի սցենարն է, որը կայունություն կբերի տարածաշրջանին, և ենթակառուցվածքները կսկսեն տարածաշրջանային նշանակություն ունենալ: Սա նշանակում է, որ որքան շատ լինեն հաղորդակցման հնարավորություններն, այնքան ավելի արդյունավետ կգործեն մեր ենթակառուցվածքները, և մեր նախաձեռնությունները կլինեն տնտեսապես ավելի շահավետ», - ասել է նա։
Փոխվարչապետը նշել է, որ կայացել է եռակողմ աշխատանքային խմբի ութ-ինը հանդիպում, և քննարկումները եղել են առարկայական։
«Բավականին կոնկրետ քննարկվել են հնարավորություններն, առավել կոնկրետ քննարկվել է երկաթուղին, որը բնականաբար լինելու է սահմանային և մաքսային հսկողության տակ»,- ասել է Գրիգորյանը։