Բավ է պառակտվել
29-03-2019 12:00

Փոխվարչապետը պատմել է Հայաստանի զարգացման քաղաքականության հիմքերի և ուղղությունների մասին

Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հինգշաբթի մասնակցել է “Օրբելի” կենտրոնի կազմակերպած “Հայաստանը փոփոխությունների շեմին” համաժողովը։

Իր ելույթում Ավինյանը խոսել է Հայաստանի զարգացման քաղաքականության ուղղությունների մասին, որոնց հիմքում ընկած է անհատի և քաղաքացու բարեկեցության տեսլականը։

Նա նշել է, որ հասարակական հարաբերությունների կառավարման և հանրային կյանքի տարբեր բնագավառներում պետական քաղաքականության հիմքը առավելագույն հանրային շահն է։ Դա նշանակում է, որ պետությունն ընդմիշտ հրաժարվել է խմբային շահերի իրացմանն աջակցող որոշումների պրակտիկայից։ Ավելին, կառավարությունն իր որոշումներում ուղղորդվում է երկարաժամկետ կտրվածքով երկրի զարգացման ու կայունության համար ամուր հիմք ապահովելու մտադրությամբ՝ կոտրելով այն հիպոթեզը կամ “քաղաքական” ճշմարտությունը, որ կառավարությունների մտածողության հորիզոնը պարփակված է մեկ ընտրական շրջափուլի մեջ։

Փոխվարչապետն ընդգծել է, որ զարգացման չափանիշը ոչ թե ՀՆԱ-ի աճն է, այլ անհատի և հասարակության բարեկեցությունը։ Այս գաղափարը տարածվում է բոլոր ոլորտների վրա, սկսած տնտեսական բարեկեցությունից, կրթական ու առողջապահական ծառայությունների հասանելիությունից, ենթակառուցվածքների հարմարավետության կատարելագործումից մինչև հասարակական, էներգետիկ ու բնապահպանական անվտանգություն, մշակութային ինքնաբավություն և պարզապես սեփական կյանքից բավարարվածություն։ Այս ընկալման վրա է կառավարությունը ձևավորում Հայաստանի ներառական զարգացման տեսլականը։

Ներառական զարգացման համատեքստում Ավինյանը մանրամասն ներկայացրել է կրթության, գիտության, առողջապահության ու ենթակառուցվածքների զարգացման առանցքային դերը: Առանձին անդրադարձ է եղել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ունեցած դերին և ստեղծվելիք Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությանը:

Փոխվարչապետը ներկայացրել է կառավարության մոտեցումները գործարար միջավայրի բարելավման, վարչարարության նվազեցման, թվայնացման ու պետական կառավարման արդիականացման հարցերում:

Նա նաև պատասխանել է համաժողովի մասնակիցների հարցերին։