Բավ է պառակտվել
21-09-2016 11:22

Համատեղ կապահովենք ՀՀ-ի հետ դաշնակցային կապերի հետագա զարգացումը.Պուտին

Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին Հայաստանի Անկախության 25-րդ տարեդարձի առթիվ:

Ինչպես չորեքշաբի հայտնեցին նախագահի մամուլի ծառայությունից, Պուտինը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները, որոնք խորը պատմական արմատներ ունեն, այսօր զարգանում են ռազմավարական գործընկերության ոգով, հարստանում են ամենատարբեր ոլորտներում հեռանկարային նախագծերով:

Ըստ նրա, դրան մեծապես նպաստում է երկու պետությունների սերտ ինտեգրացիոն փոխգործակցությունը Եվրասիական տնտեսական միության, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում:

«Համոզված եմ, որ տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի լուծման գործում համատեղ ջանքերով մենք կապահովենք ռազմավարական կապերի և կառուցողական փոխգործակցության ամբողջ համալիրի հետագա զարգացումը: Դա, անկասկած, բխում է երկու երկրների եղբայրական ժողովուրդների շահերից»,- ասվում է շնորհավորանքի մեջ:

Պուտինը Սարգսյանին մաղթել է քաջառողջություն, երջանկություն և նորանոր հաջողություններ, իսկ Հայաստանի քաղաքացիներին՝ խաղաղություն, բարօրություն և բարգավաճում:

Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է Անկախության տոնը:

Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ, 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հաստատելու վերաբերյալ։

Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 99%-ը կողմ էր քվեարկել: Երկու օր անց հանրապետության Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն։