Բավ է պառակտվել
28-04-2020 18:05

Վլադիմիր Պուտինը ուղերձ է հղել ռուսաստանցիներին կորոնավիրուսի կապակցությամբ

Վլադիմիր Պուտինը երրորդ հեռուստատեսային ուղերձն է հղել ռուսաստանցիներին ՝ կորոնավիրուսային վարակի տարածման կապակցությամբ:

“Ռուսաստանում զրոյից կազմակերպվել է կորոնավիրուսային վարակի բուժման համար պահանջվող մի շարք դեղամիջոցների զանգվածային արտադրությունը: Ինչ վերաբերում է թեստավորման համակարգերին, մարտ-ապրիլ ամիսներին մեր արդյունաբերությունն ինը անգամ ավելացրեց դրանց արտադրությունը, և եթե մարտի սկզբին կատարվում էր օրական 5,000 թեստավորում վարակի հայտնաբերման համար, այժմ այդ թիվը հասել է օրական շուրջ 150 հազարի: Թիվն աճել է 60 անգամ, և թեստավորման ծածկույթը կշարունակի ընդլայնվել”, - ասել է նախագահը:

Չնայած Ռուսաստանին հաջողվել է դանդաղեցնել համաճարակի տարածումը՝ հիվանդների ամենօրյա աճը համեմատաբար կայունացել է, իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մենք դեռևս չենք հասել գագաթնակետին, շեշտել է Պուտինը:

“Մենք այժմ հասել ենք համաճարակի դեմ պայքարի նոր, գուցե ամենլարված փուլին: Վարակվելու ռիսկերը հասել են ամենաբարձր մակարդակի, դեռևս առկա է սպառնալիքը, վիրուսի մահացու վտանգը։ Չի կարելի խոսել կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների միաժամանակյա վերացման մասին։ Նույնիսկ երբ հաղթահարվի պիկը, որոշ շրջաններում կարող է պահպանվել լարված իրավիճակ, առջևում բարդ և դժվարին ճանապարհ է”, - ասաել է նա:

Քաղաքացիների անվտանգության և տնտեսությանը սատարելու համար պետության ղեկավարն առաջարկել է հետևյալ միջոցառումները.

- Մայիսյան տոների միջև ընկած աշխատանքային օրերը՝ 6-ը, 7-ը և 8-ը կլինեն հանգստյան օրեր՝ աշխատավարձի պահպանմամբ։ Այսպիսով, ոչ աշխատանքային օրերը կտևեն մինչև մայիսի 11-ը
- Կառավարությունը, Ռոսպոտրեբնադզորը և Պետխորհրդի աշխատանքային խումբը մինչև մայիսի 5-ը պետք է նախապատրաստեն մայիսի 12-ից սահմանափակումների ռեժիմի փուլային վերացման առաջարկություններ, հաշվի առնելով համաճարակաբանական իրավիճակը
- Մարզերը կունենան ևս մեկ շաբաթ՝ մինչև ամսի 11-ը, գործողությունների պլան կազմելու համար
— Նախարարների կաբինետը կմշակի տնտեսության և քաղաքացիների աջակցմանն ուղղված միջոցառումների նոր փաթեթ` “Եկամուտների և տնտեսական աճի կարգավորման համազգային գործողությունների ծրագիր”
- Դաշնության սուբյեկտների ղեկավարները կպահպանեն լրացուցիչ լիազորությունները:

“Բոլորիցս կպահանջվի առավելագույն հավաքվածություն, կարգապահություն և մոբիլիզացիա: Մենք պետք է հասնենք այն բանին, որ համաճարակի ալիքը վերջապես նահանջի, սկսի նվազել, ինչը մեզ հնարավորություն կտա քայլ առ քայլ զգուշությամբ վերացնել սահմանափակումները: Որքան ավելի խիստ մենք բոլորս, Ռուսաստանի քաղաքացիները այժմ հետևենք անհրաժեշտ պահանջներին, ինքնամեկուսացման և կարանտինի կանոններին, այնքան ավելի արագ այս ամենը կանցնի”,- հավելել է նախագահը: