Բավ է պառակտվել
04-03-2025 20:20

Վլադիմիր Զելենսկին առաջարկել է «հրադադար երկնքում և ծովում» հաստատել, ինչպես նաև ափսոսանք հայտնել Դոնալդ Թրամփի հետ իր հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը ձգտում է որքան հնարավոր է շուտ սկսել բանակցությունները՝ կայուն խաղաղության հասնելու համար։ Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցում, փոխանցում է РБК-Украина-ն։

«Ոչ ոք ավելի շատ խաղաղություն չի ուզում, քան ուկրաինացիները. Ես և իմ թիմը պատրաստ ենք աշխատել նախագահ Թրամփի վճռական ղեկավարության ներքո՝ կայուն խաղաղության հասնելու համար։ Մենք պատրաստ ենք արագ գործել՝ պատերազմն ավարտելու համար»,- ընդգծել է Զելենսկին։

Նա նաև նախանշել է հակամարտության կարգավորմանն ուղղված հնարավոր առաջին քայլերը՝ ներառյալ գերիների ազատ արձակումը, օդային հարվածների անհապաղ դադարեցումը, հրթիռների, հեռահար անօդաչու թռչող սարքերի օգտագործման և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումների արգելքը և ծովում ռազմական գործողությունների դադարեցումը, Ռուսաստանի կողմից նման քայլերի դեպքում։

Զելենսկու խոսքով՝ Ուկրաինան մտադիր է արագ անցնել հաջորդ փուլերը և համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ հուսալի խաղաղ համաձայնագրի շուրջ։

Նա նաև երախտագիտություն է հայտնել Վաշինգտոնին աջակցության համար՝ հիշեցնելով Թրամփի նախագահության օրոք Javelins-ի առաքումը։

«Ուրբաթ օրը մեր հանդիպումը Սպիտակ տանը չի անցել այնպես, ինչպես նախատեսված էր։ Տհաճ էր։ Այնուամենայնիվ, այժմ կարևոր է ամեն ինչ ճիշտ անել։ Հետագայում մենք կցանկանայինք, որ համագործակցությունն ու երկխոսությունը լինեն կառուցողական։ Ինչ վերաբերում է օգտակար հանածոների եւ անվտանգության պայմանագրին, ապա Ուկրաինան պատրաստ է այն ստորագրել ցանկացած պահի եւ հարմար ձեւաչափով։ Մենք այս փաստաթուղթը դիտարկում ենք որպես անվտանգության և հուսալի երաշխիքների ամրապնդման գործիք և անկեղծորեն հույս ունենք դրա արդյունավետ իրականացման համար»,- ասել է Զելենսկին։