Բավ է պառակտվել
30-04-2018 11:58

«Իշխանությունը հո ճամպրուկ չէ, որ վերցնես ու փոխանցես». Ռոբերտ Քոչարյան (Տեսանյութ)

 

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնաբանություն է տվել ռուսաստանյան НТВ հեռուստաընկերությանը հայաստանյան վերջին զարգացումների կապակցությամբ։

«Ի՞նչ է պահանջում Նիկոլ Փաշինյանը. ինձ իշխանություն տվեք, հենց հիմա, անհապաղ։ Իշխանությունը հո ճամպրուկ չէ, որ վերցնես ու փոխանցես», ֊ նշել է Քոչարյանը։ ֊ «Դա կոնկրետ մարդիկ են, խորհրդարան, պատգամավորական կորպուս, նրանք նույնպես ինքնասիրություն ունեն։ Եվ ստիպել նրանց գնալ իրենց կամքին, համոզմունքներին, քաղաքականության մասին իրենց պատկերացումներին հակառակ՝ շանտաժ անելով մարդկանց մեծ բազմությամբ, դա բոլորովին այլ ծայրահեղություն է», - ռուսաստանյան հեռուստաընկերության «Հեղափոխություն՝ առանց գույնի. ինչու իշխանափոխությունը Հայաստանում նոր Մայդան չդարձավ» վերնագրված ռեպորտաժում հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահը։

Խորհրդարանը մայիսի 1-ին նշանակված հատուկ նիստում նոր վարչապետ է ընտրելու: Նիկոլ Փաշինյանը հանրահավաքներում իր ելույթներում թե՛ ինքն է կոչ անում խորհրդարանական մեծամասնության՝ Հանրապետական խմբակցության պատգամավորներին և թե՛ հորդորում է ճնշում գործադրել նրանց վրա, որպեսզի նրանք ձայն տան, իր բնորոշմամբ, ժողովրդի՝ ցուցարարների աջակցությունը վայելող թեկնածուի օգտին:

Սերժ Սարգսյանը Հայաստանի վարչապետի պաշտոնից հրաժարական տվեց ապրիլի 23-ին՝ ընտրվելուց և նշանակվելուց մի քանի օր անց: