Բավ է պառակտվել
12-03-2019 13:46

Հայաստանի իշխանությունները պետք է սկսեն հրապարակայնորեն երկիրը նախապատրաստել պատերազմի․ քաղտեխնոլոգ

Հայաստանի իշխանությունները պետք է սկսեն հրապարակայնորեն երկիրը նախապատրաստել պատերազմի, ասել է քաղաքագետ Վիգեն Հակոբյանը երեքշաբթի “Նովոստի-Արմենիա” մամլո կենտրոնում։

Ըստ նրա, քանի որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում, ինչպես միշտ, հեռանկարներ չկան, ճիշտ կլինի, եթե Հայաստանի իշխանությունները հրապարակայնորեն սկսեն երկիրը նախապատրաստել պատերազմի։

Միևնույն ժամանակ, ըստ քաղտեխնոլոգի, այդ մասին պետք է խոսվի ոչ թե փորձագետների, այլ ամենաբարձր մակարդակով, ցույց տալու համար, որ Հայաստանը պատրաստ է համախմբվել, ճիշտ այնպես, ինչպես Ադրբեջանը, որն անդադար սպառնում է վերսկսել ռազմական գործողությունները, եթե բանակցային գործընթացը որևէ հեռանկար չունի։

“Կարծում եմ` դա կարող է ինչպես երկրի ներքին միաբանության լավ ուղերձ դառնալ, այնպես էլ կարևոր գործոն լինել միջազգային կազմակերպությունների համար։ Անհրաժեշտ է մասնակցել բանակցություններին, բայց նաև ունենալ սեփական B, C և նույնիսկ D պլանը”,– ասել է Հակոբյանը։

Նա նշել է, որ պատերազմի վերսկսման սպառնալիքը միշտ կա, եթե չկա խաղաղ կարգավորման հեռանկար, բայց այն դեպքում, երբ կողմերից մեկը, տվյալ դեպքում՝ Ադրբեջանը, տեսնի ուժերի անհավասարակշռութուն իր օգտին (ոչ միայն ռազմական, այլև քաղաքական և ներքաղաքական առումով)։

Միաժամանակ նա նշել է, որ հայկական կողմն ի սկզբանե չի բնութագրում Փաշինյան-Ալիև հանդիպումը որպես բանակցություններ, ընդգծելով, որ բացակայում է անգամ հանդիպման օրակարգը և բոլոր քննարկումները կլինեն վերջինիս քննարկման ու բանակցություններին Արցախի մասնակցության հավանականության շուրջ։

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշմանը, քաղաքագետի կարծիքով, նրանք գերազանց հասկանում են, որ չնայած Մադրիդյան սկզբունքների 12-ամյա պատմությանը, ոչ Հայաստանը, ոչ էլ Արցախը համաձայն չեն խոսել որևէ հարցի մասին առանց կարգավիճակի հարցում իրական զիջումների։

“Հայաստանը պատրաստ չէ միակողմանի զիջումների, իսկ Ադրբեջանը չի ուզում խոսել Արցախի կարգավիճակի մասին։ Ստացվում է, որ հիմնական կետերից և ոչ մեկով 12 տարիների ընթացքում նույնիսկ մեկ սանտիմետրի առաջընթաց չկա”,– ասել է Հակոբյանը։

Նման պայմաններում, ըստ նրա, դա կլինի ընդամենը մեկ այլ հանդիպում, որի ընթացքում կողմերը կրկին կխուսանավեն և կփորձեն լուծել տեխնիկական խնդիրները: