Բավ է պառակտվել
31-03-2021 12:04

Հայաստանի իշխանությունները հասարակությանը պատրաստում են երկիրը Թուրքիային հանձնելուն․ Զոհրաբյան

Հակակառավարական հռետորաբանության հերթական չափաբաժնի առիթը Քարվաճառի մասին տխրահռչակ պատգամավորի հայտարարություններն էին:

ՀՀ իշխանությունները վարում են նպատակային թուրքամետ քաղաքականություն և տարբեր գործիչների հայտարարությունների օգնությամբ փորձում են հասարակությանը պատրաստել դրան: Այս մասին իր ֆեյսբուքում գրել է «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Առիթը իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանի վերջերս արված հայտարարությունն էր այն մասին, որ Քարվաճառը երբեք հայկական չի եղել:

«Հանկարծ չմտածեք, թե Հովիկ Աղազարյանն է, մի բան էլի «բլթացրել» է։: Մեր ինչի՞ն է պետք Հայոց ցեղասպանության ճանաչումը, երբ Անվտանգության խորհրդի քարտուղարը թուրքասիրություն է քարոզում, երբ Սյունիքը վերաձևելուց առաջ ժողովրդին համոզում են, որ Քարվաճառը երբեք հայկական չի եղել», - գրել է Զոհրաբյանը:

Նա կարծում է, որ հասարակական կարծիքը մանիպուլացնելու համար իշխանություններին տգետներ են պետք: Եվ խորհրդարանը լցված է տարիներ շարունակ Գերմանիայի «Խաղաղության ճամբարներում» թուրքի հետ մի վրանի տակ քնածներով: Դրանով Zոհրաբյանը մեղադրում է իշխանամետ պատգամավորներին թուրքամետ քարոզչության մեջ՝ համարելով, որ սրանք հատուկ «ներդրված գործակալներ» են, որոնց առաքելությունն է ոչնչացնել Հայաստանը և այն դարձնել «Թուրանի նախագծի» մաս:

Վերջին ժամանակներս թուրքական թեմայի շուրջ դիսկուրսը սրվեց քաղաքական ղեկավարության մի քանի աղմկահարույց հայտարարություններից հետո: Նախ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ անհրաժեշտ է տարածաշրջանում բարենպաստ մթնոլորտ ձևավորել Հայաստանի շուրջ, և «դրա համար մենք պետք է փոխենք մեր տեսակետը տարածաշրջանի վերաբերյալ»: Մի քանի օր անց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում, պատասխանելով հաղորդավարի այն հարցին, թե արդյո՞ք Թուրքիան թշնամական պետություն է Հայաստանի համար, ասաց, որ «մեր մոտեցումներում որոշակի շտկումներ պետք է լինեն»: Ըստ նրա, միանշանակ պնդել, թե Թուրքիայից ոչ մի վտանգ չի սպառնում, ճիշտ չէր լինի, բայց տարածաշրջանում կատարվող իրադարձությունները նաև այլ հնարավորություններ են ստեղծում: