Բավ է պառակտվել
18-03-2021 13:26

Մոտակա 1-2 օրը Հայաստանի իշխանությունները կհայտարարեն արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետը – բնապահպանության նախարար

Հայաստանի իշխանություններն արտահերթ ընտրությունների օրը կհրապարակեն մոտակա 1-2 օրը, ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։

«Հայաստանի իշխանություններն առաջիկայում պատրաստվում են գնալ արտահերթ ընտրությունների, ինչի մասին բազմիցս ասվել է։ Այսօր-վաղը, կարծում եմ, որոշումը կհրապարակվի»,–ասաց Պետրոսյանը։

Նա նշեց, որ որոշումը կայացված է եղել, սակայն չեղարկվել է, քանի որ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերը հրաժարվել են լուծել ներքաղաքական ճգնաժամն արտահերթ ընտրությունների միջոցով։

Նրա խոսքով, ճգնաժամն այդպես էլ չէր հանգուցալուծվում, իսկ «ընդդիմության պայքարն էլ որևէ էական նշանակություն չունեցավ ու հանրության կողմից չողջունվեց, ինչի մասին էին փաստում հանրահավաքներին մարդկանց մասնակցության պատկերը։

«Մենք բաց ենք ժողովրդի և հանրության հետ։ Մեր որոշումը մնում է ուժի մեջ․ գնալ սահմանադրական ճանապարհով և անցկացնել արտահերթ ընտրություններ»,- ասաց Պետրոսյանը։

Պատասխանելով հարցին, պատրաստ է արդյո՞ք Հայաստանն ընտրություններին պատերազմից հետո, նա նշեց, որ իշխանությունը քաղաքական պրոցեսների սահմանադրական ճանապարհով հանգուցալուծումը տեսնում է միայն արտահերթ ընտրությունների միջոցով, որոնք կանցկացվեն սեղմ ժակետներում։

Նրա խոսքով` մոտակա օրերին կորոշվի ժամկետը, որը ենթադրելու է համապատասխան մեխանիզմները․ վարչապետի հրաժարական սահմանադրական ճանապարհով և մնացած գործողություններ։

«Մեր քաղաքական ուժն, ինչպես ավելի վաղ հայտարարել էր, պատրաստ է քաղաքական պատասխանատվություն ստանձնել ժողովրդի առաջ: Կա միայն մեկ գործիք` դիմել ժողովրդին ձայների համար, ինչը նշանակում է խորհրդարանական ընտրությունների անցկացում», - ասաց Պետրոսյանը:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է պատկերացնում նախընտրական արշավի անցկացումն այն պայմաններում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նույնիսկ Երևանի կենտրոնում, ուղեկցում են հազարավոր ոստիկաններ, նախարարը չափազանցված համարեց այս գնահատականները:

Նա անհամաձայնություն հայտնեց այն փաստի հետ, որ Փաշինյանը թաքնվում է ոստիկանության թիկունքում՝ շեշտելով, որ դա միայն պետության առաջին դեմքի անվտանգության ապահովման խնդիր է:

«Մենք ունենք քրեական գործեր, որոնք հարուցվել են պետության առաջին դեմքերի նկատմամբ մահափորձերի փաստերով, կան նրանց կյանքին սպառնող ուղղակի կոչեր անհատների կողմից։ Պետական անվտանգության համակարգը ենթադրում է պետության առաջին դեմքերի կյանքի անվտանգության երաշխիքներ: Բնականաբար, անվտանգությունը պետք է երաշխավորված լինի: Եվ վարչապետը միշտ ժողովրդի հետ է, օրինակ՝ նա Արագածոտնում էր, շփվում էր ժողովրդի հետ, և խնդիրներ չկային», - ասաց Պետրոսյանը:

Միևնույն ժամանակ, նա նշեց, որ նախկինում գործող իշխանությունների հասցեին նման սպառնալիքներ և վիրավորանքներ երբեք չեն հնչել, իսկ եթե դրանք բարձրաձայնվել են՝ դրանց հեղինակները հետապնդվել են, ինչը հիմա չկա:

2020 թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախում ռազմական գործողությունների դադարեցման մասին Ռուսաստանի և Ադրբեջանի հետ եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո հայկական ընդդիմությունը պահանջեց Փաշինյանի հրաժարականը: Ընդդիմության կարծիքով, այս հայտարարության դրույթներից շատերն անթույլատրելի են, և համաձայնագիրն ինքնին ավելի շատ նման է կապիտուլյացիայի ակտի: Ընդդիմության քաղաքական գործիչների կարծիքով՝ կապիտուլյացիայի ակտի ստորագրումից հետո իշխանությունները պետք է հրաժարական տան: Փաշինյանը համաձայն չէ այս դիրքորոշման հետ և շարունակում է մնալ իշխանության՝ առաջարկելով խորհրդակցություններ անցկացնել երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու հնարավորության վերաբերյալ: