Բավ է պառակտվել
07-08-2019 11:52

Ադրբեջանի իշխանությունը պատասխանատու է Արցախիցիներին վտանգ սպառնալու համար․Հայաստանի ԱԳՆ

Ի պառասխան Արցախում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության արած հայտարարությանը՝ Հայաստանի ԱԳՆ-ն հանդես է եկել մեկնաբանությամբ։

“Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության` օգոստոսի 6-ի հայտարարությունն ակնհայտ ցուցադրում է քաղաքավարության և պարկեշտության հիմնական կանոններին հավատարիմ մնալու, պետությունների միջև քաղաքակիրթ վարվելակերպի նորմերը, հատկապես երբ դրանք վերաբերում են հակամարտությունների լուծման խիստ բարդ և զգայուն գործընթացում ամենաբարձր մակարդակով ներգրավված կողմերին, պահպանելու Ադրբեջանի անկարողությունը”-, նշվել է Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրությունում։

Փաստաթղթում ասվել է, որ հայտարարության մեջ առկա անձնական բնույթի հարձակումները վկայում են Ադրբեջանում հայ ժողովրդի նկատմամբ անհանդուրժողականության և ատելության մշակույթի մասին, որն ուղղորդում ու խրախուսում է իշխանությունը:

”Ադրբեջանի իշխանությունները, որոնք հետևողականորեն մերժում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և վերջիններիս կողմից ընտրված իշխանությունների հետ որևէ ուղղակի ներգրավվածության հնարավորությունը, որոնք էթնիկ զտումներ և այլ զանգվածային վայրագություններ են իրականացրել Լեռնային Ղարաբաղում 1990-ականներին և 2016 թվականի ապրիլին, ովքեր հետևողականորեն որդեգրել են ատելության քաղաքականություն, այդ թվում հայերին սպանած մարդասպանների հրապարակային հերոսացման միջոցով, անմիջական պատասխանատվություն են կրում Արցախի ժողովրդի անվտանգության և գոյության համար վտանգներ ստեղծելու համար”, - նշել են ԱԳՆ-ում։

Հայտարարությյունում նշվել է, որ Հայաստանը մնում է Արցախի ժողովրդի միակ երաշխավորը՝ նրա անվտանգության, ազատության, մարդու անօտարելի իրավունքների՝ ներառյալ զարգացման և ինքնորոշման իրավունքի ապահովման գործում։ Հայաստանն ափսոսանք է հայտնում, որ Ադրբեջանի իշխանություններն անկարող են ընկալել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2019թ. օգոստոսի 5-ին ունեցած ելույթի համատեքստը և բովանդակությունը, որն անդրադարձել է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի միասնականության, համերաշխության, զարգացման և բարգավաճման համահայկական օրակարգի առաջմղմանը։

Ավելին, ինչպես նշել են հայկական արտաքին քաղաքական գերատեսչությունում՝ Հայաստանի վարչապետը բազմիցս հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման որևէ կենսունակ տարբերակ պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար:

“Ադրբեջանի իշխանությունները, սակայն, հետևողականորեն չեն կարողացել փոխադարձել իրենց պատրաստակամությունը և կարողությունը՝ հասնելու բոլոր կողմերի համար ընդունելի կարգավորման: Ադրբեջանը շարունակում է հավատարիմ մնալ իր առավելապաշտական պահանջներին, որոնք ուղեկցվում են ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքով, շարունակաբար խախտում է հրադադարի ռեժիմը, անտեսում է խաղաղությանը նպաստող մթնոլորտի ամրապնդման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչերը և մերժում բոլոր կողմերի համար ընդունելի ցանկացած լուծում: Նման մոտեցումները հետևողականորեն արտացոլվում են Ադրբեջանի ղեկավարության հայտարարություններում”,-ընդգծվել է հաղորդագրությունում:

ԱԳՆ-ն հայտարարել է, որ խաղաղ կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը մնում է անփոփոխ, ինչը հստակորեն արտացոլված է ՀՀ վարչապետի վերոնշյալ ելույթում: ԱԳՆ–ն վստահեցնում է` Հայաստանը հաստատակամ է հասնելու հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ մերժելով ուժի կամ ուժի սպառնալիքի ցանկացած կիրառում, ինչպես հաստատակամ է պաշտպանելու ՀՀ և Արցախի ժողովրդի անվտանգությունը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թվականին, այն բանից հետո, երբ մեծամասամբ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. Դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության 99,89%-ը կողմ արտահայտվեց Ադրբեջանից անկախանալուն:

Դրանից հետո Ադրբեջանի նախաձեռնած լայնամասշտաբ ռազմական գործողությունները հանգեցրին այն բանին, որ այն կորցրեց վերահսկողությունը ո՛չ միայն Ղարաբաղի, այլ նաև հարակից 7 շրջանի վրա:

1994թ. մայիսի 12-ից, զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո, հակամարտության գոտում ռազմական գործողությունները դադարեցվել էին: Դրանց արդյունքում երկու կողմերը միասին տվել են 25-30 հազար զոհ, և գրեթե մեկ միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տունը:

Հրադադարի պահպանման մասին համաձայնագիրը գործում է մինչ օրս: 1992 թվականից մինչ հիմա բանակցություններ են ընթանում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ: Հիշեցնենք, որ Մինսկի խմբի համանախագահներն են ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան: