Բավ է պառակտվել
04-06-2020 14:32

Թորոսյանը փոխանակ Facebook–ում մեծամտությամբ ու ցինիզմով մրցեր, ավելի լավ էր աշխատեր

Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություների նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը։
Նախագծի հեղինակ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Նարեկ Զեյնալյանը տեղեկացրեց, որ Կառավարության առաջարկով՝ նախատեսում են նախագիծը ոչ թե շրջանառությունից հանել, այլ տեղափոխել առաջարկությունների ներկայացման փուլ, մի փոքր դադար վերցնել, որպեսզի նաև կանխատեսելիություն ապահովեն։ Պատգամավորն առաջարկեց այս փուլում նախագծին կողմ չքվեարկել։

Նշենք, որ նախագծով առաջարկվում է մեկուսացված և ինքնամեկուսացված վարձու աշխատողներին տրամադրել նպաստ՝ ժամանակավոր անաշխատունակության տրամաբանության սահմաններում:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադառնալով նախագծին և դիմելով Նարեկ Զեյնալյանին՝ ասաց. «Պարոն Զեյնալյան, վստահաբար Դուք պարկեշտ մարդ եք, համենայն դեպս, ինձ վրա պարկեշտ մարդու տպավորություն եք թողել: Զգում եմ, թե Դուք հիմա ինչ վատ եք զգում՝ փորձելով հիմնավորել անհիմնավորելին: Դուք շատ լավ նախագիծ եք բերել, որը որոշակիորեն կլուծի ծանրաբեռնվածությունը, այն սոցիալական լարվածությունը, որը կա: Հիմա մենք կողմ ենք այս նախագծին, և մարդիկ, որոնք իրենց կամքից անկախ՝ մեկուսացվել են, երեկ ստացան դրական ազդակ, որ իրենք մենակ չեն»,–ասաց Զոհրաբյանը:
Վերջինս բոլորին հիշեցրեց կառավարության անդամների հայտարությունները,այն որ իրենք փողի խնդիր չունեն։
«Ինձ համար հասկանալի չէ, ինչո՞ւ մեր Կառավարության հետ այս հարցը՝ մինչև այստեղ հասնելը, չեք քննարկել: Բոլորս էլ հասկանում ենք, որ սա «ջրելու» տարբերակ է, առաջին օրը չէ, որ պատգամավոր ենք, որովհետև այնպիսի բարձիթողի վիճակ է, որ որևէ մեկը չգիտի, թե վաղն ինչ թվեր մենք կունենանք»,–ասաց Զոհրաբյանը։

Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ կորոնավիրուսի հետ կապված ինչ թվեր էլ գրանցվեն, միևնույն է՝ պետությունը պարտավոր է մարդկանց մասին հոգ տանել, այդ ամենը պետության պոզիտիվ պարտականությունն է, հատկապես՝ նման պատերազմական իրավիճակում:

Պատգամավորն առաջարկեց կողմ քվեարկել առաջին ընթերցմամբ արդեն ընդունված նախագծին:

Մինչև պատգամավորը նման առաջարկ էր անում, Սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը բացասական գլուխը շարժում էր, ինչին ի պատասխան՝ Նաիրա Զոհրաբյանը հարցրեց. «Հարգարժան փոխնախարար, ինչո՞ւ եք Ձեր գլուխը բացասական շարժում, ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու»։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը նշեց, որ առնվազն մայիսի 25-ին ընդդիմադիր խմբակցությունները գիտեին, որ նման նախագիծ է ԱԺ բերվելու։ Նշանակում է՝ առնվազն տասն օր ժամանակ կար անհրաժեշտ հաշվարկներն ու կանխատեսումներն անելու։
«Առողջապահության նախարարը եզակի ճիշտ կանխատեսում է արել, որ մայիսի վերջին լինելու է մոտ տասը հազար վարակակիր։ Ո՞ր թվերն ու կանխատեսումն են անհասկանալի, որ մինչև հիմա այդ հաշվարկները չեք արել։ Իրականությունն այն է, որ կառավարությունը նման օրինագիծ հաստատելու ցանկություն չունի»,- ասաց նա՝ հավելելով, որ եթե նախագիծն ավելի ուշ կրկին բերվի ԱԺ, ապա այնքան փոփոխված է լինելու, որ եղածից ոչինչ չի մնալու, մինչդեռ, ըստ պատգամավորի, սա շատ ճիշտ ժամանակին մշակված հասցեական նախագիծ է։

«Եթե առողջապահության նախարարը ճիշտ ժամանակին կանխատեսումներ ու հաշվարկներ աներ, այլ ոչ թե նստեր, Facebook–ում մեծամտությամբ ու ցինիզմով մրցեր և հաղթեր, կունենայինք աշխատանք, լավ նախագիծ, որն իրապես հասցեական կարձագանքեր քաղաքացիների խնդիրներին»,- հայտարարեց Թանդիլյանը՝ ընդգծելով, որ նախագիծն արտահերթ նիստով էր ԱԺ բերվել, որովհետև դրա ընդունումը հրատապ էր։

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը նշեց, որ սա բացառիկ բան է, երբ իշխանությունը օրենք է բերում և ասում է, որ այն պետք է լրացնել, իսկ ընդդիմությունը կոչ է անում այն ընդունել և հայտարարում է, որ կողմ է քվեարկելու։
Սիմոնյանը նշեց, որ ընդդիմության քննադատությունները, քաղաքական դեմագոգիան և պոռթկումները մի կողմ դնելով, տեղին են։ Նա դիմեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանին՝ նշելով, որ այո, նախարարությունն այստեղ լուրջ գործ ունի անելու, աշխատանքներ արվում են, բայց դրանք պետք է արագացվեն, նա կոչ արեց գիտակցել այն պատասխանատվությունը, որ դրված է բոլորի և հատկապես նախարարության վրա։
Ի վերջո, օրենքի նախագիծը չընդունվեց։ Կողմ քվեարկեցին պատգամավորներից 27–ը, դեմ` 82–ը։

 

 

Արմինե Գևորգյան