Բավ է պառակտվել
28-09-2018 19:16

Արտահերթ ընտրություններ, Ղարաբաղ, Իրան․ինչո՞վ է հիշարժան Հայաստանի վարչապետի ԱՄՆ այցը

Սեպտեմբերի 23-27-ը կայացել է Հայասատնի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն ԱՄՆ, որը նշանավորվել է մի քանի կարևոր իրադարձություններով։

Սեպտեմբերի 23-ի երեկոյան Նյու-Յորքում կայացել է կառավարության ղեկավարի հանդիպումը ԱՄՆ-ի հայ համայնքի ներկայացուցիչների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում մի շարք ուշագրավ հայտաարություններ են արվել։ Հանդիպումը կայացել է Երևանի ավագանու ընտրությունների հաջորդ օրը, որոնց ընթացքում Փաշինյանի կողմից առաջադրված թեկնածու Հայկ Մարությանը՝ հավաքելով ձայների ավելի քան 81%-ը՝ մայրաքաղաքի քաղաքապետ է ընտրվել։ Այսպիսով, կրկին ստանալով հանրության աջակցության հաստատումը՝ վարչապետը հավաստիացրել է, որ խոսակցություններն այն մասին, որ ինչ-որ ուժեր ի զորու են հակահեղափոխություն իրականացնել՝ անհիմն են։

Զինվելով հանրության հզոր աջակցությամբ՝ Փաշինյանը կրկին շեշտել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտությունը, սակայն այս անգամ վարչապետն ավելի առարկայական է խոսել։ Նա հայտնել է, որ մոտակա ժամանակներս բանակցությոոնների է հրավիրելու խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերն՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անցկացման ժամանակն ու պայմանները քննարկելու համար։ Ընտրություններն արագ անցկացնելու իր ձգտումը Փաշինյանը հիմնավորել է նրանով, որ այսօր երկրի տնտեսության կառուցվածքը լավատեսության ոչ մի առիթ չի տալիս, և այն անհրաժեշտ է փոխել։
“Տրամադրվածույթյուն կար ընտրություններն անցկացնել մինչև գալիք տարվա հունիսը, սակայն, հաշվի առնելով պոտենցվիալ ներդրողների սպասողական վիճակը, ովքեր երկարաժամկետ քաղաքական կայունություն են ակնկալում, ինչպես նաև տնտեսական միջավայրն ավելի բարենպաստ դարձնելու համար՝ մենք պետք է ընտրություններն ավելի շուտ անցկացնենք, որպեսզի հնարավորինս արագ սկսենք տնտեսության վերականգնման գորընթացը”,- նշել է նա։

Հանդիպման ժամանակ, խոսելով Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի մասին, Փաշինյանն ընդգծել է, որ հանրապետությունը մտադիր է իր հարաբերությունները զարգացնել բոլոր արտասահմանյան գործընկերների հետ, սակայն մտադիր չէ անել դա այլ գործընկերների հետ հարաբերությունների հաշվին։ “Մենք փորձելու ենք նոր մակարդակի բարձրացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի, ԵԱՏՄ անդամների, Իրանի, Վրաստանի, Եվրամիության և Միացյալ նահանգների հետ։ Մենք պետք է ավելի վստահ լինենք այդ հարաբերություններում՝ ինքնիշխան երկրին հատուկ մոտեցումներով։ Մենք մեր արտաքին քաղաքականությունը վարելու ենք՝ ելնելով ազգային շահերից, այլ ոչ իշխանությունը պահելու անհրաժեշտությունից”,- ընդգծել է վարչապետը։

Սեպտեմբերի 24-ին Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Միացյալ ազգերի կազմակերպության գլխավեր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ։ Անդրադառնալով Հայաստանում քաղաքական փոփոխություններին՝ ՄԱԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ հանրապետությունում խաղաղ ճանապարհով իշխանության փոխանցումը վառ երևույթ է և հույս է հայտնել, որ երկիրը կընթանա առաջընթացի ճանապարհով՝ նորանոր բարեփոխումներ իրականացնելով տարբեր ուղղություններով։ «Մենք վերջերս ունեցանք իշխանությունը խաղաղ փոխանցելու ֆանտաստիկ օրինակ, որը տեղի ունեցավ Հայաստանում: Դա ֆանտաստիկ օրինակ է, որը խոսում է այն մասին, որ պատճառներ կան հավատալու, որ նոր սերունդն ընդունակ կլինի ավելի լավ որոշումներ կայացնել, քան իմ սերունդը»,- ավելի ուշ ասել է Գուտերեշը՝ պատասխանելով հարցերին Facebook սոցիալական ցանցում:
Ինչպես պարզաբանել են Հայաստանի ԱԳՆ-ում՝ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որին հայկական կողմը ձգտել է մի քանի ամիս, այդպես էլ չի կայացել կողմերի հագեցած ժամանակացույցի պտաճառով։
Շատերի ուշադրության կենտրոնում է եղել Հայաստանի առաջնորդի հանդիպումը Իրանի նախագահի հետ։ Հասան Ռոհանին Հայաստանի վարչապետին հրավիրել է Իրան, համոզվածություն հայտնելով, որ այցը հնարավորություն կտա բազմակողմանիորեն քննարկել համագործակցության ընդլայման ուղիները։ ԻԻՀ նախագահը նշել է, որ երկու երկրների միջև առկա է վստահության բարձր մակարդակ։ Խոսելով տնտեսական համագործակցության մասին՝ նա համոզմունք հայտնել, որ ԵԱՏՄ հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագիրը հնարավորություն կտա ավելի խորացնել հայ-իրանական տնտեսական կապերը։
Հայաստանի վարչապետի ելույթը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանին աշխույժ քննարկումների ևս մեկ առարկա է դարձել ինչպես նրա կողմնակիցների, այնպես էլ ընդդիմախոսների համար՝ ի դեմս նախկին իշխանությունների ներկայացուցիչների։ Հայաստանի առաջնորդի ելույթի առաջին և հիմնական մասը նվիրված է եղել ներքաղաքական օրակարգին, մասնավորապես՝ ապրիլյան հեղափոխությանը։ Փաշինյանն ավտորիտար է անվանել նախկին իշխանությունները, նշելով, որ հայ ժողովրդին հաջողվել է աննախադեպ հեղափոխություն իրականացնել՝ առանց բռնության, զոհերի կամ հասարակական անկարգությունների։
Կառավարության ղեկավարը մատնանշել է, որ այսօր Հայաստանի խորհրդարանը շարունակում է աշխատել, սական չի արտահայտում ժողովրդի կամքը, քանի որ ընտրված է եղել ընտրական գործընթացի կոպիտ խախտումներով, վարչական ռեսուրսների օգտագործմամբ և ճնշումներով։
“Ազատ, արդար և թափանցիկ ընտրությունները պետք է դառնան և կդառնան հաստատուն իրականություն Հայաստանում, ինչը կհանգեցնի ամուր և կենսունակ ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը և զսպմանն ու հակակշիռների արդյունավետ համակարգի՛,- ավելացրել է վարչապետը։
Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, խորհրդարանի պատգամավոր Արմեն Աշոտյանը, մեկնաբանելով վարչապետի ելույթն, իր ֆեյսբուքյան էջում գրել է․”ՄԱԿ-ի ամբիոնը Նիկոլ Փաշինյանը, ցավոք, ավելի շատ օգտագործեց Հայաստանում սեփական դիրքերը ընդգծելու, քան Հայաստանի անվտանգության և ազգային հարցերը ամրացնելու համար։ Հայաստանի նախկին իշխանություններին պիտակավորելուց, ավտորիտար անվանելուց առաջ արժեր հիշել նաև, որ իշխանափոխության խաղաղ ընթացքում միջազգային բոլոր հիմնական դերակատարները մշտապես ընդգծել են նաև մեր խոհեմ, իմաստուն և պետականամետ դերակատարությունը։
ԱԺ արտահերթ ընտրությունների մտասևեռումով ռումբ է դրվելու Հայաստանի ներքին կայունության, անվտանգության և հաջորդ բոլոր իշխանությունների սահմանադրականության տակ։ Ի վերջո, փողոցներ փակել կարող եք, բերաններ փակել՝ ոչ”։
Ի դեպ, Փաշինյանն իր ելույթում չի շրջանցել նաև արտաքին քաղաքականության հարցերը, կրկին ընդգծելով, որ պետք չէ կտրուկ շրջադարձերի սպասել, և, որ Հայաստանը հուսալի և կանխատեսելի գործընկեր է մնում։ Խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին՝ վարչապետը շեշտել է, որ Ադրբեջանը պետք է բանակցություններ վարի Ստեփանակերտի հետ, հակառակ դեպքում՝ Բաքվին միայն տարածքներ են հարկավոր, այլ ոչ Ղարաբաղի ժողովուրդը։
“Շատ հնարավոր է, որ Ադրբեջանի ղեկավարությունը հետաքրքրված է ոչ թե մարդկանցով, այլ տարածքներով։ Այսպիսով պարզ է դառնում, որ ադրբեջանական իշխանությունների ցանկությունը Ղարաբաղը հայերից մաքրելն է, ինչպես դա արվել է Նախիջևանում”,- նշել է Հայաստանի առաջնորդը։
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն ուշադրություն է դարձրել այն բանի վրա, որ Փաշինյանն այս անգամ չի ասել, որ մտադիր չէ Ղարաբաղի փոխարեն բանակցություններ վարել։ Ընդ որում, նշել է Սարգսյանը, վարչապետը հայտարարել է, որ Հայաստանը շարունակելու է իր մասնակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորմանը։
“Անկեղծ ասած սպասում էի որևէ ուղերձ լսել հայ-թուրքական հարաբերությունների մասով, բայց չտվեց։ Տարածաշրջանային մարտահրավերներին չանդրադարձավ, Հայաստանի շրջափակմանը, բոլոր տնտեսական նախագծերը Հայաստանին շրջանցելու հարցին չանդրադարձավ”,- գրել է քաղաքագետն իր ֆեյսբուքյան էջում։
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով, Փաշինյանի ելույթում կարևոր շեշտադրումներ էին արված կապված Ղարաբաղի հետ, մասնավորապես, որ Ստեփանակերտը պետք է բանակցություններին մասնակցի, և ժովորդավարությունն է տարածաշրջանային կայունության բանալին։ “Այսօրվա Հայաստանի և այսօրվա Ադրբեջանի միջև տարբերությունն ու հակադրությունը երբեք այսքան մեծ չէր եղել։ Նախկին նախագահներ Քոչարյանը և Սարգսյանը, ինչպես և Ալիևը միշտ ընկալվել են իբրև հետխորհրդային սերունդ, և նրանց միջև տարբերություններն այդքան զգալի չեն եղել: Հիմա, երբ Հայաստանը նոր վարչապետ ու կառավարություն ունի, Հայաստանի ժողովրդավարության և Ալիևների ժառանգական իշխանության միջև անդունդը շատ խորն է և նշանակալի”,-ասել է քաղաքագետը։
Մինչդեռ, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հարթակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին և Էնդրյու Շոֆերը առանձին - առանձին և համատեղ հանդիպումներ են անց կացրել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։
“Համանախագահները խոր ափսոսանք են հայտնել շարունակվող և անտեղի մահվան դեպքերի առնչությամբ: Նրանք զգուշացրել են նախարարներին իրավիճակի սրման վտանգների մասին, կողմերին կոչ են արել կառուցողականորեն մասնակցել դրական միջավայրի հաստատմանը և խուսափել սադրիչ հռետորաբանությունից: Համանախագահներն ընդգծել են, որ համապարփակ կարգավորումը զիջումներ է պահանջում բոլոր կողմերից”,- ասվել է միջնորդների հայտարարությունում: Նշվում է, որ նախարարները պայմանավորվածություն են ձեռք բերել մեկ անգամ ևս հանդիպել մինչև ընթացիկ տարվա վերջը, իսկ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ծրագրում են մոտ ապագայում տարածաշրջան այցելել։
Մինչդեռ, ո՛չ միջնորդները, ո՛չ էլ կողմերը դեռևս չեն խոսում Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնարավոր հանդիպման մասին։ Փաշինյանի և Ալիևի առաջին հանդիպումը կայացել է Մոսկվայում ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծանոթացրել է երկու երկրների առաջնորդներին։ Երկրորդ անգամ Հայաստանի վարչապետն Ադրբեջանի նախագահի հետ հանդիպել է սեպտեմբերի 28-ին Դուշանբեում՝ ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների գագաթաժողովի հարթակում։ Պաշտոնական լուսանկարման արարողությունից հետո երկու երկրների առաջնորդներն ընդամենը մի քանի խոսք են փոխանակել։ Փաշինյանը խոստացել է Երևան վերադառնալուն պես պատմել զրույցի մանրամասները։
Ավելի վաղ, ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը՝ խոսելով բարձր մակարդակով հնարավոր բանակցությունների մասին տեղեկացրել է, որ Փաշինյան-Ալիև հանդիպումը չպետք է ինքնանպատակ լինի, այլ պետք է բովանդակություն ունենա։
“Բովանդակություն լինելու պարագայում պետք է ձեռք բերվեն պայմանավորվածություններ, օրինակ՝ կարգավորման սկզբունքների վերաբերյալ: Մենք ունենք տասնամյակների դառը փորձ, երբ պայմանավորվում էինք, հետո Ադրբեջանը հետ էր կանգնում․․Խոսքը գնում է 2016թ․ ապրիլյան ագրեսիայից հետո գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների, մասնավորապես՝ առաջնագծում վստահության մեխանիզմների ներդրման և գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման մասին”,- ընդգծել է Բալայանը:
Լեռնային Ղարաբաղի՝ բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու մասին հարցը բարձրացվել է նաև Հայաստանի նախկին իշխանությունների կողմից, սակայն Բաքուն կտրականապես մերժել է նման հնարավորությունը։ Եթե Երևանը շարունակի շեշտը դնել այդ ասպեկտի վրա՝ կարելի է մոռանալ Փաշինյան-Ալիև մոտալուտ հանդիպման մասին, իսկ բանակցությունները տեղից չեն շարժվի։ Խոսելով բարձր մակարդակով բանակցությունների ձգձգման պատճառների մասին, փորձագետները նշում են Հայաստանի վարչապետի անկայուն դիրքը, ով երկրում կառավարման խորհրդարանական համակարգի պայմաններում չունի խորհրդարանական մեծամասնության աջակցությունը և չի էլ ունենա այնքան ժամանակ, մինչև Փաշինյանը չհասնի ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացմանը։

 

Հեղինակային հոդված