Բավ է պառակտվել
19-06-2022 12:37

Ֆրանսիայում ընթանում է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը

Ֆրանսիայում մեկնարկել է Ազգային ժողովի՝ խորհրդարանի ստորին պալատի ընտրությունների երկրորդ փուլը, հայտնում է Le Figaro-ն։ Հրատարակության համաձայն՝ ընտրատեղամասերը բացվել են ամբողջ երկրում, մարզերում դրանք կաշխատեն մինչև ժամը 18.00-ն (Մոսկվայի ժամանակով 19.00-ն), իսկ խոշոր քաղաքներում՝ մինչև 20.00-ն (Մոսկվայի ժամանակով 21.00-ն):

Ակնկալվում է, որ երկրորդ փուլի արդյունքներով կորոշվի Ազգային ժողովի նոր կազմը, ինչը նշանակում է խորհրդարանի ստորին պալատի 577 մանդատների բաշխում առանձին պատգամավորների միջև։ Այս անգամ հիմնական մրցակիցներն են «Միասին» դաշինքով ընտրություններին մասնակցող նախագահական «Վերածնունդ» կուսակցությունը և ձախերի «Նոր ժողովրդական էկոլոգիական և սոցիալական միություն» ալյանսը՝ նախագահի նախկին թեկնածու, «Չնվաճված Ֆրանսիա» ձախամետ կուսակցության առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնի գլխավորությամբ։

Ընտրությունների գլխավոր ինտրիգը «Վերածննդի» արդյունքն է, մի շարք հարցումների համաձայն՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կուսակցությունը կարող է կորցնել մեծամասնությունն Ազգային ժողովում, ինչը կհանգեցնի խորհրդարանի աշխատանքի արգելափակմանը կամ պայմանավորվածությունների ընդդիմադիր ուժերի հետ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայում իշխող կոալիցիան և ձախերի միավորումը խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում գրանցել են գրեթե հավասար արդյունքներ։