Բավ է պառակտվել
31-03-2022 23:17

ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմական կցորդները համոզվել են, որ հայկական ՍՈՒ-30ՍՄ ինքնաթիռները գտնվում են ՀՀ ՊՆ ավիաբազայում

Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմական կցորդներն ուրբաթ այցելել են ՀՀ ՊՆ N ավիաբազա։

Ավիաբազայի հրամանատար, ավիացիայի գնդապետ Սամվել Թավադյանը օտարերկրյա հյուրերին ծանոթացրել է զորամասի առօրյա գործունեությանը և պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին, հայտնում են ՊՆ-ի մամլո ծառայությունից։

Այնուհետև ռազմական կցորդները շրջայց են կատարել զորամասի տարածքում, ծանոթացել ավիացիոն սպառազինությանն ու ռազմական տեխնիկային: Հյուրերի համար առավել մեծ հետաքրքրություն են ներկայացրել ՍՈՒ-30ՍՄ ինքնաթիռները:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ռազմական կցորդները նշել են, որ այցի արդյունքում իրենք կրկին անգամ համոզվել են, որ բոլոր 4 ՍՈՒ-30ՍՄ ինքնաթիռները տեղում են, և որ ադրբեջանական ու թուրքական մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, թե դրանք մասնակցում են Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններին, չեն համապատասխանում իրականությանը:

Ավելի վաղ թուրք-ադրբեջանական լրատվամիջոցները ապատեղեկատվություն էին հրապարակել, թե իբր Հայաստանը Ռուսաստանին է հանձնել իր Սու-30 կործանիչները՝ Ուկրաինայի դեմ հատուկ գործողության ժամանակ օգտագործելու համար։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքել է այս կեղծ տեղեկությունը։