Բավ է պառակտվել
25-05-2021 20:51

Ադրբեջանի ռազմական գործողությունների իրականացումը իրավունք է տալիս ՀՀ-ին ձեռնարկելու համարժեք քայլեր

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության հետ, որի արդյունքում հայ զինվոր է զոհվել:

Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում մայիսի 25-ին, ժամը 14:20-ի սահմաններում, զենքի օգտագործման դեպք է տեղի ունեցել: Մասնավորապես, հակառակորդը կրակ է բացել հայ դիրքապահների ուղղությամբ: Ավելի ուշ Պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ Վերին Շորժայի հատվածում հակառակորդի կրակոցից հետո սկսված փոխհրաձգության արդյունքում մահացու վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Խուրշուդյանը:

Ներկայացնում ենք հայտարարության ամբողջական տեքստը։

«Մայիսի 25-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում Ադրբեջանի զինված կազմավորումների կողմից արձակված կրակահերթերից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից ՄԱԿ անդամ պետության՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված բացահայտ զինված ոտնձգությունը, ինչը միջազգային իրավունքի նորմերի խախտում է:

Հակառակ միջազգային հանրության կոչերի՝ Ադրբեջանը հրաժարվում է դուրս բերել իր զինված ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից՝ էլ ավելի սրելով իրադրությունը և խաթարելով տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը: Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքում ռազմական գործողությունների իրականացումը իրավունք է տալիս Հայաստանի Հանրապետությանը ձեռնարկելու անհրաժեշտ և համարժեք քայլեր՝ իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու, բնակչության անվտանգությունն ապահովելու համար:

Հատկանշական է, որ Ադրբեջանը փորձում է քողարկել Հայաստանի տարածքում իր այս ապօրինի ռազմական գործողությունները կեղծ տեղեկատվության շրջանառմամբ: Հայկական կողմը պատրաստ է ներգրավել միջազգային հետաքննություն՝ տվյալ մահաբեր միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով»: