Բավ է պառակտվել
24-02-2022 18:16

ՌԴ զինվորականները խոցել են մարտական ուղղաթիռ և 4 Բայրաքթար ՏԲ2 հարվածային ԱԹՍ, ռուսական Սու-25-ը կործանվել է Ուկրաինայում․ ՊՆ

Ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռը կործանվել է Ուկրաինայում գործողությունների ժամանակ օդաչուի սխալի պատճառով։ Այս մասին հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

«ՌԴ օդատիեզերական ուժերում օդաչուի սխալի հետևանքով կործանվել է Սու-25 գրոհային ինքնաթիռ, օդաչուն բարեհաջող կատապուլտվել է և արդեն գտնվում է իր զորամասի տեղակայման վայրում»,- ասել է նա։

Նա նաև հայտարարել է, որ ոչնչոացվել է Ուկրաինայի 74 ցամաքային ռազմական ենթակառուցվածքային օբյեկտ, այդ թվում՝ ռազմաօդային ուժերի 11 օդանավակայան, 3 հրամանատարական կետ, ռազմածովային բազա և հակաօդային պաշտպանության S-300 և Buk-M1 համակարգերի 18 ռադիոլոկացիոն կայան։

Բացի այդ, ռուս զինվորականները խոցել են մարտական ​​ուղղաթիռ և 4 հատ Բայրաքթար ՏԲ2 հարվածային անօդաչու թռչող սարք։

«Եվս մեկ անգամ շեշտում եմ, որ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հարվածներ չեն հասցնում ոչ Ուկրաինայի քաղաքներին, ոչ էլ զինվորական կայազորների սոցիալական օբյեկտներին, այսինքն՝ սպայական անձնակազմի տներին, բնակելի շենքերին և զորանոցներին՝ ուկրաինացի զինծառայողների և նրանց ընտանիքների շրջանում կորուստներից խուսափելու համար»,- հավելել է նա։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի առավոտյան հեռուստաուղերձում ասել է, որ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների կոչին հատուկ ռազմական գործողություն իրականացնելու որոշում է կայացրել։ Ռուսաստանի առաջնորդը շեշտել է, որ Մոսկվայի ծրագրերում ներառված չէ ուկրաինական տարածքների օկուպացիան։