ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարությամբ է հանդես եկել` արձագանքելով Արցախի նորընտիր նախագահի՝ Շուշիում կայանալիք երդմնակալության վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ–ի արած հայտարարությանը։
«Պատերազմի սպառնալիքները և ռազմատենչ կեցվածքը՝ լինեն դրանք հայտարարությունների, թե միջազգային հաձնառությունների խախտմամբ անցկացվող լայնամասշտաբ զորավարժությունների տեսքով, Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշման ավանդական բաղադրիչներն են։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը` արձագանքելով Արցախի նորընտիր նախագահի՝ Շուշիում կայանալիք երդմնակալության վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ–ի արած հայտարարությանը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ–ն երեկ հայտարարությամբ էր հանդես եկել` ասելով, որ Արցախում անցկացված անօրինական ընտրություններն ու երդմնակալության արարողությունը Հայաստանի կողմից հերթական քաղաքական բռնության դրսևորումն է։
Նշվում էր նաև, որ Շուշիում` Ադրբեջանի «պատմական քաղաքներից» մեկում Արցախի նախագահի երդմնակալության արարողության կազմակերպումը և դրան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությունը սև բիծ է Փաշինյանի քաղաքական վարկանիշի վրա։
Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարել է, թե պատերազմը դեռ չի ավարտվել, և Ադրբեջանը լիիրավ իրավունք ունի ապահովել իր տարածքային ամբողջականությունը բոլոր հնարավոր միջոցներով։
«Ադրբեջանական կողմի պատերազմի սպառնալիքները և ռազմատենչ կեցվածքը որևէ ազդեցություն չեն կարող ունենալ ղարաբաղյան հիմնահարցում հայկական կողմերի դիրքորոշումների և Արցախում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացների վրա: Այնուհանդերձ, դրանք միանշանակորեն վնասում են խաղաղության նպաստող միջավայրի ձևավորմանը, որն անհրաժեշտ է բովանդակային հարցերի դիտարկման համար»,–ասել է Նաղդալյանը։
Նրա խոսքով` Հայաստանը հավատարիմ է հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:
«Եվս մեկ անգամ շնորհավորելով Արցախի ժողովրդին ժողովրդավարական գործընթացների արդյունքում իշխանություն ձևավորելու կապակցությամբ՝ ցանկանում ենք վերահաստատել, որ Հայաստանի Հանրապետությունը կշարունակի սերտորեն համագործակցել խաղաղ գործընթացում Արցախի ժողովրդին ներկայացնող նոր իշխանությունների հետ և այդ համատեքստում հետևողականորեն պաշտպանել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումն՝ առանց որևէ սահմանափակման», - ասված է ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունում։
Հիշեցնենք, որ Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա այսօր` ժամը 18։00-ին, Շուշիում։ Արարողությանը կմասնակցի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Արմինե Գևորգյան