Բավ է պառակտվել
10-10-2022 15:03

Վոլոդինը կողմ է Սիմոնյանի՝ ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի պատգամավորների կողմից տարածաշրջանային անվտանգությունը քննարկելու գաղափարին

Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը երկուշաբթի օրը Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ կողմ է արտահայտվել Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի պատգամավորների կողմից տարածաշրջանային անվտանգության հարցերը քննարկելու իր հայ գործընկերոջ գաղափարին, տեղեկանում ենք Ռուսաստանի Դաշնության Պետական ​​Դումայի պաշտոնական կայքից։

«Սիմոնյանը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ քննարկելու տարածաշրջանային անվտանգության հարցերը խորհրդարանական ձևաչափի շրջանակներում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ։ Վյաչեսլավ Վոլոդինն աջակցել է առաջարկին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Սիմոնյանի խոսքով, Ռուսաստանն ու Հայաստանը երկարամյա բարեկամական սերտ հարաբերություններ ունեն։ Նա նաև կարծում է, որ Հայաստանի Ազգային ժողովի և Պետդումայի պատգամավորների միջև երկխոսությունն ակտիվացման կարիք ունի. «Մենք այնպիսի պատմական ժամանակաշրջանում ենք, երբ աշխարհում շատ բան է փոխվում։ Մենք պետք է պատվով անցնենք այս մարտահրավերները»։

Վոլոդինը նշել է, որ պետք է հատուկ ուշադրություն դարձնել ՀԱՊԿ խորհրդարանական հարթության շրջանակներում փոխգործակցությանը։

Պետդումայի նախագահը Հայաստանի պատվիրակությանն առաջարկել է Մոսկվա կատարած այցի ժամանակ ընդլայնել օրակարգը։ Ազգային ժողովի պատգամավորները կհանդիպեն Պետդումայի բոլոր խմբակցությունների ղեկավարների և համապատասխան հանձնաժողովների հետ՝ հետագա աշխատանքին ուղղված հարցեր ձևակերպելու համար։ Այդ հանդիպումների արդյունքում պետք է կոնկրետ առաջարկներ լինեն Պետդումայի և Հայաստանի Ազգային ժողովի միջև միջխորհրդարանական համագործակցության համար։
Վոլոդինն ու Սիմոնյանը պայմանավորվել են հոկտեմբերի 11-ին կրկին հանդիպել՝ քննարկելու Մոսկվա կատարած այցի ընթացքում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության աշխատանքի արդյունքները։