Բավ է պառակտվել
16-09-2020 18:41

 Իմ հրաժարականի հարցը չկա օրակարգում․ԿԳՄՍ  նախարար 

ԿԳՄՍ  նախարար Արայիկ Հարությունյանը բողոքները կապում է կրթական համակարգում իրականացվող բարեփոխումների փաթեթի հետ: «Որոշ քաղաքական շրջանակների մտահոգությունը կապված է այն հանգամանքի հետ, որ բարեփոխումների արդյունքում ունենալու ենք մի սերունդ, որն այլևս իրենց համար հենք և հիմք չի հանդիսանալու, լինելու է քննադատող և վերլուծող: Իսկ վերլուծելով՝ որոշում կկայացնի, որ երբևէ այդ շրջանակներին չի սատարելու»,-նշել է նախարարը:

Ինչ վերաբերում է բողոքի դուրս եկած խմբերի հետ հանդիպմանը, ապա նա հիշեցրել է, որ նախկինում հանդիպել է բոլոր այն խմբերի հետ, որոնք ունեցել են կոնկրետ օրակարգ: «Եթե օրակարգում կա այնպիսի ծայրահեղ կետ, ինչպիսին հրաժարականն է, ես անիմաստ եմ համարում քննարկել, որովհետև դա իրենց պայքարի ու օրակարգի հարցն է, իմ օրակարգը ոլորտը բարեփոխելն ու ոլորտում նորություններ բերելն է»,- ասել է Արայիկ Հարությունյանը

Անդրադառնալով  Արսեն Ջուլֆալակյանի մանդատի վայր դրմանը՝ Հարությունյանը նշեց, որ  Մանդատի վայր դրման հետ կապված գործընթացը չի ավարտվել, և  այս պահին զերծ կմնա անդրադառնալու այդ հարցին։

Նշենք, որ  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արսեն Ջուլֆալակյանը հայտարարել էր,որ   մանդատը վայր դնելու  հիմնական  պատճառն այն է, որ  Արայիկ Հարությունյանի որդեգրած ուղին անհեռանկարային է: 

Նա նշեց, որ մի փաստ կարձանագրի. «Անցած ամիսներին Արսեն Ջուլֆալակյանի հետ ունեցել ենք զրո քննարկում, նա կարող էր այդ հարցերը բարձրացնել, և մենք հնարավոր է կոնկրետ քննադատության մի մասն ընդունեինք, շտկումներ անեինք, մի մասը բացատրեինք, որ իր ընկալումներում, դիրքորոշումներում  այն փաստերը, որոնք դրանց հիմքում են, չեն համապատասխանում իրականությանը: Նման քննարկում չենք ունեցել, այդ հարցերը չեն բարձրացվել: Երբ որ լիներ նման քննարկում, կոնկրետացում, անպայման այդ հարցադրումներին կլինեին պատասխաններ»:

Ինչ վերաբերվում է մամուլում շրջանառվող լուրերին, թե Ջուլֆալակյանը խնդիրներ ուներ ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանի հետ` Հարությունյանը նշեց, որ դրանք օդում պտտվող լուրեր են, որոնց նույնպես չի անդրադառնա։