Բավ է պառակտվել
13-01-2021 15:47

Գերիների վերադարձի հարցը չպետք է կապել կոմունիկացիաների հարցի հետ․ Լիլիթ Մակունց

Մոսկվայում ստորագրված եռակողմ հայտարարության տեքստը գործողությունների մտադրության մասին է, որտեղ արտացոլված են նաև ՀՀ շահերը։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Ըստ Մակունցի Մոսկովյան եռակողմ հանդիպման օրակարգում եղել են ոչ միայն գերիների վերադարձի, այլև տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերը: 4 ժամ տևած բանակցությունների 3 ժամը նվիրված է եղել գերիների վերադարձի խնդրին։

«Դա առաջնային հարց է, բոլոր ջանքերը բոլոր հարթակներում պետք է գործադրվեն հումանիտար հարցերը լուծելու համար»,- ասաց Մակունցը:

Լրագրողները հիշեցրին՝ վարչապետն ասել էր՝ եթե գերիների վերադարձի հարցը չլուծվի, ճանապարհների ապաշրջափակումը չի կարող արդյունավետ լինել, Մակունցը նշեց վարչապետը նշել է, որ եթե մինչ այդ գերիների հարցը չլուծվի, ապա դրա իրագործման մեխանիզմները առաջացնելու են բազմաթիվ խնդիրներ, ինչը վերահաստատեց նաեւ Մոսկվայում ճեպազրույցի ժամանակ:

«Գերիների վերադարձի հարցը և դրա շուրջ աշխատանքները եղել են և կան մեր առաջնահերթությունը, և՛ ԱԳՆ-ն, և՛ ԱԺ-ն՝ ԱԳՆ-ի հետ համագործակցությամբ, այդ աշխատանքներն անում են»,- նշեց պատգամավորը:

Հարցի՝ չէ՞ր կարող չստորագրեր, մինչեւ գերիների հարցը չլուծվերև ինչո՞ւ գերինեի վերադարձի հետ կապված հայկական կողմը եռակողմ փաստաթղթերում ժամկետներ առաջ չի քաշել, Մակունցը պատասխանեց․ «Վարչապետը Մոսկվայում ճեպազրույցի ժամանակ արդեն երկու անգամ նշեց գերիների վերադարձի առաջնահերթության մասին։ Հայտարարության տեքստը, որը ստորագրվեց Մոսկվայում օրեր առաջ, որևէ կերպ առնչություն չունի և չի կարող ունանալ հումանիտար նպատակով առաջադրվող առաջնահերթ խնդիրներին։ Այսինքն՝ դրանք չպետք է կապել մեկը մյուսի հետ, ինչի մասին և նշվել է։ Խնդիրների լուծումը մեկը մյուսով չպետք է պայմանավորել»։

Արմինե Գևորգյան