Բավ է պառակտվել
03-03-2021 00:45

ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանում կարմիր թելի նման եղել է գերիների խնդիրը. Կոնջորյան

Փետրվարի 24-26-ը օնլայն ձևաչափով տեղի է ունեցել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը: ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ներկայացուցիչներն այսօր ամփոփեցին նստաշրջանի աշխատանքների արդյունքները:

Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքներին վերաբերող հարցերը հնչել են ԵԱՀԿ ԽՎ-ում։ Հայաստանյան պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշում է, որ բացարձակ առաջնահերթություն է եղել գերիների վերադարձի հարցը:

«Մեր ելույթների կարմիր թելը եղել է գերիների խնդիրը, բարձրաձայնել ենք Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների վերադարձի արհեստական ձգձգումները, գերիների նկատմամբ անմարդկային դաժան վերաբերմունքի վերաբերյալ փաստերը, Ադրբեջանի կողմից հայտարարության ստորագրումից հետո սանձազերծված հերթական ռազմական ագրեսիան Խծաբերդի ուղղությամբ, Ադրբեջանի կողմից ահաբեկիչների ներգրավման, Արցախի կարգավիճակի ու Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման հարցի կարևորությունն ենք շեշտել»,–նշեց Կոնջորյանը

Պատվիրակության անդամները նշեցին, որ հիմնական թեզերը, որոնք այսօր ծառացած են երկրի առջև ներկայացվել են այդ հարթակում։ Իսկ ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանի ելութը հունից հանել է ադրբեջանցիներին և թուրքերին։
«Ես ԵԱՀԿ ԽՎ-ում ելույթ եմ ունեցել ռազմագերիների մասին, շեշտադրում եմ արել, որ Ադրբեջանը չի կատարում իր պարտավորությունները՝ նախ պայմանագրով, բայց եթե նույնիսկ պայմանագրում գերիների հարցը նշված չլիներ, մարդասիրական միջազգային իրավունքի հիմնարար փաստաթղթերի համաձայն՝ Ադրբեջանը պարտավոր է անհապաղ բաց թողնել մեր ռազմագերիներին և վերադարձնել Հայաստան։ ԵԱՀԿ ԽՎ-ում շեշտեցի՝ Ադրբեջանն իրեն պահում է որպես ահաբեկչական երկիր, սա հունից հանեց իրենց` ադրբեջանցիներին և թուրքերին», – ասաց Անի Սամսոնյանը։

Նշենք, որ Արցախի ԱԳ նախարարությունը այսօր հայտարարություն էր տարածել, և նշել, որ Ադրբեջանը խախատում է միջազգային մարդասիրական իրավունքը՝ հրաժարվելով ռազմագերու կարգավիճակ տրամադրել իր կողմից գերեվարված հայ զինծառայողներին և իրականացնել նրանց հայրենադարձությունը. ինչի մասին հայտարարվել է փետրվարի 26-ին օտարերկրյա լրագրողների հետ Ադրբեջանի նախագահի հարցազրույցում և Ադրբեջանի ԱԳՆ փետրվարի 27-ի հայտարարությունում: Արցախի ԱԳՆ-ն նշել է նաև, որ Ադրբեջանը վերոհիշյալ անձանց պահում է՝ օգտագործելու նրանց որպես լծակ՝ Արցախի և Հայաստանի դեմ իր ռազմավարական նպատակների իրագործման համար։