Բավ է պառակտվել
05-11-2018 13:39

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Յուրի Խաչատուրովի հետնորդի հարցը կորոշվի ընթացիկ շաբաթվա մեջ։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) քննարկվում է գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասի նշանակման հարցը։ Նշանակման ինտրիգը նրանում է, որ ազատված պաշտոնին հավակնում է Հայաստանը, որի շնորհիվ է այդ թափուր տեղն առաջացել։ ՀԱՊԿ-ի կոլեկտիվ անվտանգության խորհրդի որոշմամբ Յուրի Խաչատուրովը նոյեմբերի 2-ին ազատվել է կազամակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Նոյեմբերի 8-ին Աստանայում ՀԱՊԿ անդամ-երկրների (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Կիրգիզիա, Ռուսաստան, Տաջիկստան) առաջնորդները մասնակցելու են Հավաքական անվտանգության խորհրդի նստրջանին։ Սպասվում է, որ վերջապես կլուծվի ՀԱՊԿ նոր գլծավոր քարտուղարի նշանակման հարցը։ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամլո խասնակը Արման Եղոյանը օրերս հայտնել է, որ Ղազախստանի մայրաքաղաքում “միանշանակ քննարկվելու է” գլխավոր քարտուղարի թեման։

Կազմակերպության երեք երկրներում «Ъ»-ի («Կոմերսանտ» պարբերական․խմբ.) դիվանագիտական աղբյուրները նշում են, որ ամենայն հավանականությամբ հաջորդող երեք տարիներին նոր գլխավոր քարտուղար կլինի Բելառուսի ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ թափուր պաշտոնն առաջացել է այն բանից հետո, երբ Հայաստանը վաղաժամ հետ է կանչել նախատեսված 3 տարվա փոխարեն ընդամենը մեկ և կես տարի պաշտոնավարած իր ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին։ Հայաստանում իշխանությունը զավթելու մեջ մեղադրվող պարոն Խաչատուրովի հետկանչի գործընթացն ավարտվել է նոյեմբերի 2-ին։ Նույն օրը գլխավոր քարտուղարի պաշտոնակատար է նշանակվել մինչ այդ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը զբաղեցնող ռուսաստանյան ներկայացուցիչ Յուրի Սեմերիկովը։

Ինչպես պատմել է «Ъ»-ի զրուցակիցներից մեկը, սկզբում քննարկվել է պարոն Սեմերիկովին մեկ և կես տարով՝ Յուրի Խաչատուրովի չպաշտոնավարած ժամկետով, պաշտոնակատար նշանակելու տարբերակը։

Սակայն, ըստ աղբյուրի, որոշում է կայացվել նշանակել քարտուղարության լիարժեք ղեկավար։ Ընդ որում, ասել է նա, որոշվել է ղեկավարվել ռոտացիայի սկզբունքով։ Դրան համաձայն, Հայաստանից հետո գլխավոր քարտուղար պետք է նշանակեր այբբենական կարգով հաջորդ երկիրը՝ Բելառուսը։

«Ъ»-ի տեղեկացված աղբյուրը գլխավոր քարտուղարի ամենահավանական թեկնածու է անվանել Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասին։ 54-ամյա գեներալ-մայոր Զասը 2015թ․նոյեմբերի 4-ից գլխավորում է Բելառուսի Անվտանգության խորհուրդը․ նա, ի պաշտոնե, ալյանսի Անվտանգության խորհրդի քարտուղարների խորհրդի անդամ է։

Պարոն Զասը 1985թ․ավարտել է Բաքվի բարձրագույն ռազմական հրամանատարության դպրոցը, 1996թ.՝ Բելառուսի Ռազմական ակադեմիան, իսկ 2005թ.՝ ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի Ռազմական ակադեմիան։ Զբաղեցրել է տարբեր պաշտոններ զինված ուժերում, իսկ 2008թ․օգոստոսին նշանակվել է Բելառուսի Անվտանգության խորհուրդի պետքարտուղարի տեղակալ։

Ստանիսլավ Զասին անվանելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ամենահավանական թեկնածու՝ «Ъ»-ի զրուցակիցը նշել է, որ վերջնական որոշումը կայացնելու են կազմակերպության անդամ-երկրների ղեկավարները։

Նշենք, որ մինչև կազմակերպությունում աշխատելը ՀԱՊԿ նախկին 2 գլխավոր քարտուղարները զբաղեցրել են իրենց երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարի պաշտոնը։ Նիկոլայ Բորդյուժան (գլխավորել է ՀԱՊԿ քարտուղարությունը 2003-ից մինչև 2017թ.) 1988-1999թթ. գլխավորել է Ռուսաստանի ԱԽ-ն, իսկ նրան փոխարինած Յուրի Խաչատուրովը գլխավորել է Հայաստանի ԱԽ-ն 2016թ. հոկտեմբերից մինչև նախորդ տարվա ապրիլին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակվելը։

Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը ուրբաթ լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է, որ այժմ օրակարգում կանգնած է Հայաստանի՝ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար թեկնածու առաջադրելու իրավունքի հարցը։ Նա նաև համոզմունք է հայտնել, որ Հայաստանը կարող է իրականացնել այդ գործառույթը։ “Մենք բավարար ռեսուրս ունենք, որ կարողանանք թեկնածու առաջադրել։ Շահագրգռվածությունն, առաջին հերթին, այն է, որ ՀԱՊԿ-ը շարունակի արդյունավետ գործել”,-ասել է նա, նշելով, որ եթե Հայաստանը թեկնածու ունենա, ապա բոլոր ռեսուրսները կօգտագործվեն նրան նշանակելու համար։