Բավ է պառակտվել
27-10-2021 23:27

Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի ապաշրջափակման հարց չի քննարկվում, բանակցություններ են ընթանում երկաթգծի և ավտոճանապարհների շուրջ․ Հայաստանի փոխվարչապետ

Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի ապաշրջափակման հարց չի քննարկվում, ասել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, պատասխանելով խորհրդարանում պատգամավորների հարցերին։

«Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Արթուր Խաչատրյանը, դիմելով փոխվարչապետին հարցրեց, արդյոք Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի ապաշրջափակումը ներառված է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի բանակցությունների օրակարգում։

«Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի հարց օրակարգում չկա, դա չի քննարկվում։ Ընդհանուր առմամբ, մենք եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները կազմակերպում ենք հունվարի 11-ի հայտարարության բովանդակության շրջանակներում, այդ հայտարարության բովանդակությունից դուրս չենք գալիս»,- ասաց նա։

2021 թվականի հունվարին Մարտակերտի շրջանի տարբեր գյուղերի բնակիչներ փակել էին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ տեղաշարժվող ադրբեջանական մեքենաների շարասյան ճանապարհը։ Ցուցարարները դիմել էին խաղաղապահներին՝ խնդրանքով աջակցել ադրբեջանական կողմից վերահսկվող ճանապարհների (Մարտակերտ-Վարդենիս, Մարտակերտ-Ասկերան-Ստեփանակերտ) բացմանը հայերի համար։ Նրանք դա հիմնավորել են նրանով, որ ադրբեջանցիներն անցնում են Հայաստանի կողմից վերահսկվող Մարտակերտի շրջանով, սակայն իրենք նման հնարավորություն չունեն։

Գրիգորյանը հայտնեց, որ քննարկվում է հարավային երկաթգծի վերականգնման հարցը, իսկ ճանապարհի հարց ոչ, որովհետեւ այդտեղ «վերականգնելու բան չկա, ճանապարհ այդտեղ չի եղել»։

«Խոսքը ապաշրջափակմանն է վերաբերում՝ դասական իմաստով, այսինքն՝ գործող ենթակառուցվածքներով հնարավորություն տալ փոխադարձ օգտագործել տարածաշրջանում բոլոր հնարավոր երկրներին»,- ասել է նա:

Փոխվարչապետը նշել է նաև, որ ճանապարհների մասով այս պահին դեռ կոնսենսուս չկա։ Նրա խոսքով՝ առաջարկները շատ են, բայց ավտեճանապարհների պատրաստի քարտեզ, թե որոնք են շահագործվելու նշված սկզբունքներով, դեռևս չկա։