Բավ է պառակտվել
08-01-2021 11:58

Մեղրիով անցնող տրանսպորտային միջանցքի հարց նախատեսված չէ․ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության հետագա իրագործման հայկական կողմի առաջնահերթությունները։

Առաջինը նա նշել է հայտարարության 8-րդ կետի լիարժեք իրագործումը, որի համաձայն պետք է տեղի ունենա գերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև մարմինների լիարժեք փոխանակում:

“Մեզ համար կարևոր է նաև տեղի ունեցած ռազմական գործողությունների գոտում ծավալուն որոնողափրկարարական աշխատանքների իրագործումը”,- գրել է Փածինյանը ֆեյսբուքյան իր էջում:

Որպես երկրորդ առաջնահերթություն նա նշել է տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակում, ինչը նշանակում է ինչպես Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներ և տրանսպորտային հաղորդակցություն դեպի Ռուսաստան և Իրանի Իսլամական Հանրապետություն, այնպես էլ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքով բեռնափոխադրումներ և տրանսպորտային հաղորդակցություն՝ դեպի Նախիջևան:

«Կրկին ուշադրություն եմ հրավիրում այն փաստի վրա, որ նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ չկա ոչ «Մեղրի» ոչ էլ ՀՀ որևէ տարածքի առնչությամբ «միջանցք» արտահայտություն: Հայաստանից դեպի Ռուսաստան և Ադրբեջանից դեպի Նախիջևան հաղորդակցության երթուղիների ընտրությունն առանձին քննարկման թեմա է, որի արդյունավետության կարևոր պայման է գերիների, պատանդների, այլ պահվող անձանց, զոհվածների մարմինների փոխանակման, ինչպես նաև անհետ կորածների որոնողական աշխատանքների ծավալների և արդյունավետության բարձրացումը»,– գրել է Փաշինյանը: