Բավ է պառակտվել
19-10-2021 12:43

Հայաստանի փոխվարչապետը կմասնակցի տարածաշրջանում ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհների ապաշրջափակման հարցերի քննարկմանը Մոսկվայում


Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ հանձնաժողովի Մոսկվայում կայանալիք հերթական նիստին։ Այս մասին նա ասել է լրագրողներին Հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ համաժողովի շրջանակներում, հայտնում է «Արմենպրեսը»։

Անդրադառնալով քննարկվելիք հարցերին՝ Գրիգորյանն ասել է, որ եռակողմ խումբը որոշակի պատկերացումներ է կազմել երկաթուղու մասով։

«Մենք որոշակի պատկերացումներ և նախնական պայմանավորվածություններ ունենք, որ ապաշրջափակման վերաբերյալ կարգավորումը կիրականացվի ԱՊՀ-ի իրավական հիմքերի վրա։ Մենք պետք է քննարկենք հարցեր՝ կապված ավտոմոբիլային հաղորդակցությունների և ուղիների հետ»,- ասել է Գրիգորյանը։

Պատասխանելով հարցին, թե որո՞նք են Հայաստանի առաջնահերթությունները, փոխվարչապետն ընդգծել է՝ ապաշրջափակումը։

Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խումբը ստեղծվել է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդներ Իլհամ Ալիևի, Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի միջև 2021 թվականի հունվարին Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքներով։ Խմբի համանախագահներն են երեք երկրների փոխվարչապետները։ Գործառույթները ներառում են միջազգային բեռնափոխադրումների իրականացման համար անհրաժեշտ տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնումը և նոր օբյեկտների կառուցումը:

Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Երևանում լրագրողներին ասել էր, որ Ռուսաստանը, Հայաստանը և Ադրբեջանը տրամադրված են ապաշրջափակել տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում: Ըստ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ հաղորդակցությունների ապաշրջափակումը դրական ազդեցություն կունենա, սակայն դեռ վաղ է կանխատեսել հաղորդակցության բացման արդյունքում երկրների միջև առևտաշրջանառության աճի ճշգրիտ ծավալները: