Պատերազմը տեսանելի էր, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Պատերազմը հասունացրել է, պատերազմն իր դաժանությամբ հայ ժողովրդի գլխին բերել է Նիկոլ Փաշինյանը», - ասաց նա։
Աշոտյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը երկուսուկես տարի միտումնավոր քանդում էր բանակցային դիրքերը, տարածաշրջան էր հրավիրում Թուրքիային։
«Նիկոլ Փաշինյանն ապրիլի 24-ի իր ուղերձում չէր դատապարտել Թուրքիային, որևէ կծու, թթու խոսք չէր ասել Թուրքիայի հասցեին, նա չէր խոսում ցեղասպանության մասին տարբեր ամբիոներից», - ասաց ՀՀԿ-ականը։
Ըստ Աշոտյանի՝ առնվազն քաղաքական առումով Նիկոլ Փաշինյանը դավաճան է։ Նա ասաց, թե ցեղասպանության մասին չէր խոսում նաև Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։
«Այս իշխանությունները նպատակուղղված ամեն ինչ անում էին, որ այսպես լինի, ցավոք սրտի, մեզ բոլորից չհաջողվեց կանխել այս արհավիրքը, թեպետ, մենք աղաղակում էինք։ Ժողովրդի աչքերն ու ականջները, ցավոք, այդ ժամանակ փակ էին, ցավում եմ ՝ ականջները, աչքերը բացելու համար պահանջվեց մեր զավակների արյունը», - ասաց Աշոտյանը։
ՀՀԿ փոխնախագահ նկատեց, որ իր ինտելեկտը «ցավում է», երբ պետք է արձագանքի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Էս վերջերս ցավում է նաև բարոյականությունս, որովհետև ամոթ է, որ նա դեռևս ՀՀ վարչապետի պաշտոնն է զբաղեցնում», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց Աշոտյանը։
Նա ասաց, որ իրենց՝ իշխանության եղած ժամանակ բանակցային ամբողջ գործընթացն արձանագրել է հայկական կողմի համար մի շարք կարևոր հանգուցային հաջողություններ։
«Հայաստանը Մինսկի խմբի համանախագահների կողմից դիտվել է որպես կոնստրուկտիվ կողմ, մենք համանախագահների ֆավորիտն էինք, որովհետև այնքան խելոք էինք բանակցում, որ մեր դիրքերը պահելով՝ կարողանում էինք կոնստրուկտիվ հանդես գալ Ադրբեջանի ֆոնի վրա։ Մյուս հաջողությունը նա է, որ Ռուսաստանի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի ղեկավարները 2009-ից մինչև 2013 թվականը հինգ հայտարարություն ընդունեցին, որով հաստատեցին, որ Արցախի կարգավիճակի հարցը հանգուցային է, պետք է լուծվի ազատ կամարտահայտությամբ», - ասաց նա։
Աշոտյանը նշեց, թե ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հստակ բանաձևել էր, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։
«Սա էր մեր կարգավորման կրեդոն ու, լինելով փոխզիջումների կողմնակից, Հայաստանը մշտապես կարողացել է պնդել ու հասնել նրան, որ Արցախի ինքնորոշման իրավունքը ամրագրված է եղել որպես հիմնարար սկզբունք», - ասաց ՀՀԿ փոխնախագահը։
ՀՀԿ փոխնախագահը ավելի քան համոզված է, որ Իշխանափոխությունը Հայաստանում արագացնելու է գերիների փոխանակման գործընթացը, «Սա հարյուր տոկոս է», - վստահեցրեց Աշոտյանը։
«Հանրության մեջ դժգոհությունը շատ ավելի լայն է, քան այն, ինչ ընդդիմությանը հաջողվում է ցույց տալ», - ասաց ՀՀԿ փոխնախագահը։
Անդրադառնալով Մակունցի ԱՄՆ դեսպանի պաշտոնում հնարավոր նշանակմանը, ասաց, որ քաղաքական իմաստով խաբեություն է, մասնագիտական իմաստով՝ թյուրիմացություն, իսկ պետական իմաստով՝ խայտառակություն։
«Լիլիթ Մակունցի քաղաքական կարիերիայի առաջին ու վերջին բացառիկ ձեռքբերումն այն է, որ նա հանդիսանում է սրիկայի ուսապարկերի պահեստապետն Ազգային ժողովում, այդ իմաստով զավեշտալի է ուսապարկերի պահեստապետին նշանակել նման ռազմավարական կարևորության երկրում դեսպան», - ասաց նա։
Արմինե Գևորգյան