Բավ է պառակտվել
26-09-2022 17:32

Զորքերը պետք է վերադառնան ելման դիրքեր․ Մեծ Բրիտանիայի դիքրորոշումն Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ

«Միացյալ Թագավորության կառավարությունը, այդ թվում՝ Վիեննայում ԵԱՀԿ-ում մեր միջնորդության ժամանակ, հստակ հասկացրել է, որ զինված ուժերը պետք է հետ քաշվեն այն դիրքերը, որտեղ նրանք գտնվում էին մինչև ռազմական գործողությունները սկսվելը»։ Այս մասին ասվում է Ադրբեջանի վերջին ագրեսիայի վերաբերյալ Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» հարցմանն ի պատասխան ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանության հաղորդագրության մեջ: Դեսպանությունից նշել են, որ հակամարտությունը լուծելու միակ ճանապարհը դիվանագիտությունն է։

«Մենք միշտ դատապարտել ենք քաղաքացիական տարածքների թիրախավորումը բոլոր հակամարտությունների ժամանակ։ Մեր մտքերը վերջին բռնությունների հետևանքով զոհվածների կամ վիրավորների ընտանիքների հետ են։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը ողջունում է ռազմագերիների և մահացածների աճյունների վերադարձը։ Մենք կոչ ենք անում կողմերին քննարկել մնացած բոլոր ռազմագերիների և մահացածների աճյունների վերադարձի հարցը։ Խոշտանգումների մասին հաղորդումները չափազանց մտահոգիչ են, և պահանջվում է համապատասխան մարմինների մանրակրկիտ հետաքննություն»,-նշված է Երևանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության հաղորդագրության մեջ:

Սեպտեմբերի 13-ի կեսգիշերին ադրբեջանական զինուժը լայնածավալ ագրեսիա է ձեռնարկել Հայաստանի Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի մի շարք բնակավայրերի դեմ։ Ադրբեջանի զինված ուժերը օկուպացրել են Հայաստանի ինքնիշխան տարածքի 10 քառակուսի կիլոմետրը։ Սեպտեմբերի 14-ի երեկոյան կողմերը միջազգային հանրության աջակցությամբ պայմանավորվել են հրադադարի մասին։ Վերջին տվյալներով՝ հայկական կողմից զոհերի և անհետ կորածների թիվը հասել է 207-ի։ Ադրբեջանի ագրեսիայի հետ կապված Հայաստանի կառավարությունը դիմել է Ռուսաստանին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին։ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպության դիտորդական առաքելություն Հայաստան ուղարկելու վերաբերյալ։