Բավ է պառակտվել
14-09-2020 19:45

Հարուցվել է Ծառուկյանին առընչվող նոր քրեական գործ

Պետեկամուտների կոմիտեն հայտնում է, որ քննչական վարչությունում նոր քրեական գործ է հարուցվել ընտրողներին կաշառք տալու և ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման ու ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու դեպքերի առթիվ:

ՊԵԿ-ի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ կառույցի քննչական ծառայությունը պարզել է, որ «Արարատցեմենտ» ընկերության որոշ աշխատակիցների աշխատանքից ազատելու սպառնալիքով ստիպել են անդամակցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը ( կուսակցության հիմնադիրը և գործարանի փաստացի սեփականատերն է Գագիկ Ծառուկյանը՝ խմբ.) և 2012 թվականի մայիսի 6-ին և 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրություններին ձայներ ապահովել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար:
Նրանք տեղեկություններ ու տվյալներ են տրամադրել կուսակցության օգտին իրենց հորդորով կողմ քվեարկելու պատրաստակամություն հայտնած անձանց մասին:

Բացի այդ, նույն ժամանակահատվածում «Արարատցեմենտ» ՓԲԸ որոշ աշխատակիցներ կաշառք են տվել Արարատի մարզի մի շարք բնակիչներին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին քվերակելու համար, առաջարկել և տրամադրել այլ առավելություններ։

Ըստ մամուլի հաղորդագրության, քանի որ ստացված փաստական տվյալները պարունակում են հանցագործության նշաններ որոշում է կայացվել քրեական գործ հարուցելու մասին, որի վերաբերյալ նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ քննչական իրավասության հարցը լուծելու համար:

Ծառուկյանին առաջադրվող մեղադրանքները

Հայաստանի ՀՔԾ-ում և քննչական կոմիտեում հարուցվել է մի քանի քրեական գործ, որոնցում ներգրավված են Ծառուկյանը և նրա կողմնակիցները: Մասնավորապես, քրեական գործերը վերաբերում են Ծառուկյանի հետ փոխկապակցված ընկերություններում ապօրինի ձեռնարկատիրական գործունեությանը, ընտրական գործընթացում ԲՀԿ-ի կաշառքի սխեմաների բացահայտմանը, փաստաթղթերի ու հողատարածքների օտարման հետ կապված կեղծարարությանը, պաշտոնի չարաշահումին Կոտայքի մարզպետարանում:

Ընթացիկ տարվա հունիսի 14-ին ԱԱԾ-ի աշխատակիցները խուզարկություն են անցկացրել Գագիկ Ծառուկյանի Առինջի (Կոտայքի մարզ) առանձնատանը։

Այնուհետև նա կանչվել է ԱԱԾ՝ երկարաժամյա հարցաքննության, որի ընթացքում ԱԱԾ-ի դիմաց ընթանում էր զանգվածային բողոքի ակցիա։ Ավելի ուշ՝ հունիսի 16-ին Գագիկ Ծառուկյանին կանչել են ԱԱԾ երկրորդ հարցաքննության, ինչից հետո նա կրկին հայտարարել է, որ իր դեմ հարուցված գործը շինծու է։
Ծառուկյանը մեղադրվում է 2017թ․խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ և «Ծառուկյան» դաշինքի օգտին ընտրակաշառք բաժանելու նպատակով խումբ ձևավորելու և ղեկավարելու մեջ։ Հունիսի 16-ին հայկական խորհրդարանը բավարարել է Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու գլխավոր դատախազության միջնորդությունը։ Հունիսի 21-ին Շենգավիթ համայնքի ընդյժհանուր իրավասության դատարանը մերժել է դատախազության՝ տվյալ գործի շրջանակներում Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը։

Ծառուկյանը բազմիցս հայտարարել է, որ իր և իր կուսակիցների դեմ հարուցված քրեական գործերը շինծու են և քաղաքական նպատակներ են հետապնդում։ Ըստ նրա՝ պատճառն իր քննադատությունն է Հայաստանի ներկայիս կառավարության հասցեին, որը «գնում է ընդդիմախոսների դեմ ահաբեկչության ճանապարհով»:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: