Բավ է պառակտվել
03-03-2021 13:14

«Իմ ղեկավարած կառույցը հաշվետու չէ ԱԺ-ին»․ ԲԴԽ նախագահ

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն ԱԺ-ում պատգամավորների հարցերին պատասխանելիս ասաց, թե ինքը՝ որպես ԲԴԽ նախագահ, ԲԴԽ-ն ու դատական իշխանությունը հաշվետու չեն ԱԺ-ին: Վարդազարյանը նշեց, թե ինքն ԱԺ է եկել Վճռաբեկ դատարանի թափուր պաշտոնները զբաղեցնող թեկնածուներին ներկայացնելու համար:

Բայց մինչ պատգամավորները կսկսեին թեկնածուներին հարցեր տալ նրանց ապագա գործունեության մասին, օգտվելով առիթից` սկսեցին իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները պահանջել Վարդազարյանից:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից Արթուր Հովհաննիսյանը հիշեց ԲԴԽ նախագահի՝ 2020 թ-ի նոյեմբերի 15-ի հայտարարությունը և փորձեց ճշտել՝ արդյո՞ք այն քաղաքական չէր՝ հիշեցնելով, որ այդ օրը պետք է տեղի ունենար ԱԱԾ նախկին տնօրեն ու Վարդազարյանի վաղեմի ընկեր Արթուր Վանեցյանի կալանքի հարցով դատական նիստը:

ԲԴԽ նախագահը հիշեցրեց, որ իր ղեկավարած կառույցը հաշվետու չէ ԱԺ-ին ու հավելեց. «Հետևաբար ես պարտավոր չեմ պատասխանել քաղաքական բնույթի հարցերի: Պատրաստ եմ պատասխանել բոլոր այն հարցերին, որոնք վերաբերում են այն թեկնածուներին, որոնց ներկայացնելու համար ես այսօր ներկայացել եմ»: Խնդրում եմ չշփոթել, սա գլխավոր դատախազի և ՄԻՊ-ի տարեկան զեկույց չէ»,- ասաց Վարդազարյանը։

Վարդազարյանի պատասխանը, սակայն, հարուցեց պատգամավորների դժգոհությունը: «Ես ձեզ կոչ եմ անում չսահմանափակել պատգամավորների հարց տալու իրավունքը»,- հակադարձեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Իսկ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը նշեց, թե Վարդազարյանն իր պատասխանով ըստ էության չհերքեց, որ նոյեմբերի 15-ի հայտարարությունը քաղաքական էր:

ԱԺ նիստը վարող փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ԲԴԽ նախագահին կոչ արեց պատասխանել հարցերին:
«Կարող եք ընդհանրապես չպատասխանել, և մենք ու քաղաքացիները մեր հետևություններ կանենք, բայց ես կոչ եմ անում այնուամենայնիվ պատասխանել»,- ասաց նա:

ԲԴԽ նախագահին անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ տեղից հարց ուղղեց Վարդազարյանին. «Ինչո՞ւ է աղմկում գետը»:

Ալեն Սիմոնյանը խնդրեց տեղից չմիջամտել. «Պարոն Պետրոսյան, ես ձեր հարցերի խորությունը մշտապես նկատել եմ, բայց ձեր գետի հետ կապված խնդրում եմ տեղից չխոսել»:

«Իմ քայլի» պատգամավոր Արեն Մկրտչյանն էլ հարց ուղղեց ԲԴԽ նախագահին. «Դուք գիտե՞ք` որտեղ եք գտնվում»:

Վարդազարյանն էլ հայտնեց, որ որևէ կանոն չի խախտել ու նշեց դատավորների գործունեության ու վարքագծի կանոնները սահմանող մի շարք օրենքների հոդվածներ:
«Այդ վարքագծի կանոններից ելնելով՝ ես ունեմ զսպվածության սահման, և այդ զսպվածության սահմանը որևէ կերպ չեմ անցնելու, որքան էլ ինձ փորձեք դրդել դեպի քաղաքական քննարկում»,- ասաց ԲԴԽ նախագահը:
Հիշեցնենք՝ ԲԴԽ նախագահի նոյեմբերի 15-ի հայտարարության մեջ ասվում էր. «Այսօր է, թերևս, առարկայական ու վերջնական տրվելու շուրջ երկու տարի ողջ հանրությանը ալեկոծած և դատավորներիս համար ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը. մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»:

Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները, որոնք նախատեսվում է քննարկել ընթացող քառօրյա նիստերի օրակարգում:

Արմինե Գևորգյան