Բավ է պառակտվել
27-02-2020 14:33

Բացառվում է, որ լինի վարակի դեպք և կառավարությունը թաքցնի այդ տեղեկությունը. վարչապետ


Կառավարության այսօրվա նիստում մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կորոնավիրուսին։
«Կարող ենք արձանագրել, որ բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկվում են ու Հայաստանն ապրում է իր բնականոն կյանքով։ Հանրությունը պետք է համոզված լինի, որ եթե ինչ-որ անհանգստացնող տեղեկություն լինի, այն կհանրայնացվի», - ասաց Փաշինյանը,բացառելով որ որևէ դեպք կարող են թաքցնել հանրությունից:
Նա նշեց, որ բանակում, զինված ուժերում շատ լուրջ միջոցառումներ են ձեռնարկվել։ «Ուզում եմ՝ ծնողները, հարազատները ըմբռնումով մոտենան», - ասաց նա։
Նշենք ,որ Իրանում կորոնավիրուսի տարածման հետ կապված` փետրվարի 25-ից ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում արգելված են զինծառայողների հարազատների այցելությունները, ժամկետային զինծառայողների արձակուրդները
«Ես գիտեմ, որ նման դեպքերում խուճապ տարածողները շատանում են, բացառվում է, որ լինի դեպք ու կառավարությունը թաքցնի էդ տեղեկությունը հանրությունից»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վերջինս կոչ արեց բոլորին՝ ապրել բնականոն կյանքով, քանի որ այս պահին որևէ անհանսգտացնող բան չկա, բացի նրանից, ինչ-որ հայտնի է։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ավելացրեց, որ քարտեր են լրացվում այն անձանց համար, ովքեր ռիսկային երկրներից են գալիս Հայաստան։ «Եթե, այնուամենայնիվ, վիրուսը թափանցի Հայաստան, կախարգելիչ բոլոր միջոցառումները ձեռնարկված են, անգամ ավելի լավ, քան շատ զարգացած երկրներում»,-ասաց Ավինյանը։
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստան ժամանող ուղևորները ամբողջությամբ վերահսկողության տակ են։
Այնուհետև վարչապետը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց, թե ինչ իրավիճակ է մեր տարածաշրջանում կորոնավիրուսի հետ կապված, և ինչ է նախաձեռնել նախարարությունը դրա ներթափանցումը Հայաստան կանխելու համար:
Թորոսյանը ներկայացրեց թվեր: Երեկվա տվյալներով՝ աշխարհում արդեն 37 երկրում արձանագրվել են կորոնավիրուսով վարակվելու դեպքեր: Ընդհանուր՝ 81109 դեպք է արձանագրվել, որից 78191-ը՝ Չինաստանում: Իսկ Իրանում վերջին տվյալների համաձայն՝ արձանագրվել է 139 դեպք, որից 19-ը՝ մահվան ելքով:
«Վերջին ինֆորմացիան Վրաստանում երեկ արձանագրված մեկ դեպքն էր: Ես առավոտյան խոսել եմ իմ ընկերոջ հետ: Նրա հետ շփված բոլոր մարդկանց մոտ թեստը բացասական է ցույց տվել, և նրանք մեկուսացվել են, որ երկու շաբաթվա ընթացքում կամ դառնան վարակակիր, կամ արդեն առողջ համարվելով դուրս գրվեն: Գտնում եմ, որ Վրաստանում մեկ դեպքի արձանագրումով համաճարակաբանական իրավիճակը չի փոխվում»,- նշեց նախարար Թորոսյանը:
Վարչապետը նշեց, որ այն մարդը, որի մոտ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուս, Իրանից Ադրբեջանի տարածքով է գնացել Վրաստան, և , ըստ էության, շփվել է միայն սահմանի անցակետերի աշխատակիցների հետ, այսինքն՝ դա Վրաստանում վարակվելու դեպք չէ:
Թորոսյանը վարչապետին ներկայացրեց նաև երեկ Իրանից հատուկ չվերթով հայրենիք ժամանած 52 քաղաքացիների առողջական վիճակի մասին տվյալներ և նշեց, որ նախնական ստուգումներով նրանցից որևէ մեկի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել:

 

 

Արմինե Գևորգյան