Բավ է պառակտվել
12-04-2022 22:30

Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ արգելվել է հայ պատգամավորների մուտքն Արցախ

«Այս պահին տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հերթական հանցավոր պայմանավորվածության գաղտնազերծումը, հայտարարել է ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
«Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը հայտնել է, որ ռուս խաղաղապահները խոչընդոտում են հայ պատգամավորների մուտքն Արցախ։
«Նրանք շատ արագ և միաժամանակ արձագանքեցին ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորների հայտարարությանը, որ մեկնում ենք Արցախ և անցակետին փոխանցեցին Արցախ մեկնող քաղաքական գործիչների անունները՝ պահանջելով թույլ չտալ մեր մուտքը Արցախ»,- գրել է Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում։
Նրա խոսքով՝ բացահայտվեց Արցախը մեկուսացնելու և հայաթափելու դավադիր գործարքի հերթական փաստը:
Նա հայտնել է, որ Արցախի խորհրդարանական բոլոր խմբակցությունների ղեկավարների հետ իրենց հանդիպումն ամեն դեպքում կայացավ՝ Աղավնոյի անցակետում:
«Մենք միասնական ու վճռական ենք Արցախի և Հայաստանի դեմ իրականացվող քաղաքականությունը վիժեցնելու և մեր երկրի շահերին տեր կանգնելու հարցում»,- ընդգծել է փոխնախագահը:
Իր հերթին, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը հայտարարել է, որ Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ արգելվել է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների մուտքն Արցախ՝ Նիկոլ Փաշինյանի և ալիևի «խաղաղության անշրջելի օրակարգի» շրջանակներում:
«Ադրբեջանական կողմը ստացել է Արցախ մեկնող պատգամավորների ամբողջական ցուցակը և այն փոխանցել են ՌԴ խաղաղապահ ուժերի օպերատիվ շտաբ՝ պահանջելով արգելել նրանց մուտքը Արցախ: ՌԴ խաղաղապահ ուժերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորների նկատմամբ ադրբեջանական սադրանքներից խուսափելու և իրավիճակը չսրելու նպատակով թույլ չեն տվել պատգամավորների մուտքը Արցախ: Սա Հայաստանի նորագույն պատմության ամենախայտառակ ու ստորացուցիչ դրվագն է: Ամոթ մեզ բոլորիս…»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Ապրիլի 12-ի առավոտյան խորհրդարանական «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտեցին խորհրդարանի այս շաբաթվա նիստերը և հայտարարեցին, որ գնալու են Արցախ և Հայաստանի սահմանամերձ շրջաններ, որտեղ «երկրի իրական օրակարգն է».
«Քաղաքացիական պայմանագիր» իշխանական խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը խորհրդարանի ամբիոնից հանեց Արցախի դրոշը, որը մինչ այդ տեղադրել էր «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։