Բավ է պառակտվել
12-12-2019 22:54

ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը (Տեսանյութ)

Հոկտեմբերի 29–ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց Հայոց ցեղասպանության ճանաչման թիվ 296 բանաձևի ընդունման օգտին:Բանաձևի օգտին քվեարկեց 405 կոնգրեսական, դեմ` 11–ը։ Թիվ 296 բանաձևի քվեարկությունը տեղի ունեցավ վերջին 30 տարիների ընթացքում առաջին անգամ:

Այն առաջարկել է հանրապետական Ադամ Շիֆը 2019 թվականի ապրիլի 8-ին, իսկ Սենատի թիվ 150 բանաձևը (որն արտահայտում է ԱՄՆ-ի` Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու դիրքորոշումը) առաջ է քաշվել սենատոր Ռոբերտ Մենենդեսի կողմից 2019 թվականի ապրիլի 9-ին:

Ի տարբերություն Ներկայացուցիչների պալատի, Կոնգրեսի վերին պալատում 100 սենատորներից յուրաքանչյուրը կարող է արգելափակել հարցը քվեարկության դնելու նախաձեռնությունը։ Նոյեմբերի 14–ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հանդիպումից հետո սենատոր Լինդսի Գրեմն արգելափակել էր Հայոց ցեղասպանությունը դատապարտող և ճանաչող բանաձևը։ Նա իր քայլը բացատրել էր նրանով, որ օրենսդիրները չպետք է փորձեն կրկին գրել պատմությունը։ Հարցն արգելափակելու իրավունքից էր օգտվել նաև Ջորջիա նահանգը ներկայացնող սենատոր Դևիդ Փերդյուն, որի կարծիքով Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի քվեարկությունը կարող է բարդացնել ԱՄՆ–ի և Թուրքիայի հարաբերություններում առկա այլ խնդիրների կարգավորման հարցը։

Այժմյան Թուրքիան 104 տարի առաջվա իրադարձությունները ցեղասպանություն չի համարում և մինչև այսօր չի ճանաչում սեփական պատմության այդ ամոթալի էջը՝ մերժելով ինչպես հարյուր հազարավոր հայերին սրի քաշելու փաստը, այնպես էլ մերժելով դրա համար կրել բարոյական, պատմական և նյութական պատասխանատվություն։ 1965 թ.-ից սկսած, դեռևս Խորհրդային Հայաստանում, վերածնվել է Հայոց ցեղասպանության ճանաչման շարժումը, որին հետևեց ավելի քան տասնյակ պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից այդ փաստի միջազգային ճանաչումը։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ պետություններ։ Առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965թ.–ին, որի օրինակին հետևել են մասնավորապես, Ռուսաստանը, Ֆրանսիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Գերմանիան, Իտալիայի պատգամավորների պալատը, ԱՄՆ–ի 49 նահանգները (բացի Միսիսիպիից), Սիրիան, Լիբիայի ժամանակավոր կառավարությունը։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրոպական խորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։