Բավ է պառակտվել
16-04-2020 17:01

«Եկել է ժամանակը, պատրաստ եմ պատասխանել բոլոր հարցերին». Սերժ Սարգսյանն այցելեց ԱԺ


ՀՀ 3-րդ  նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է ապրիլյան պատերազմի դեպքերը քննող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին:

«Եկել է ժամանակը, որ ես պատրաստ եմ պատասխանել հարցերին։ Ես ոչինչ չունեմ թաքցնելու։ Ելնելով սրանից՝ ես դիմել եմ հանձնաժողով, որպեսզի իմ մասնակցությամբ նիստն անցկացվեր արտակարգ դրության ավարտից հետո, բայց հանձնաժողովը նպատակահարմար համարեց նիստն անցկացնել ամսի 16-ին, արտակարգ դրությունն էլ երկարացվեց։ Ուստի, ես այդ հնարավորությունից զրկված եմ։ Հարցն այնքանով է կարևոր, որ ոտքի վրա մեկ-երկու պատասխաններով ես չեմ կարող գոհացնել ո՛չ ձեզ, ո՛չ հանրությանը»,–ասաց Սերժ Սարգսյանը։

Վերջինս խոստացավ արտակարգ դրության ավարտից հետո ապրիլյան իրադարձությունների հետ կապված կհրավիրի ՀՀ–ում գործող  բոլոր լրագրողներին՝պատասխանելով նրանց հարցերին։

Նշենք, որ մինչ խորհրդարան գալը Սերժ Սարգսյանն իր գրասենյակի միջոցով մեկ նախապայման է առաջադրել` հանդիպման տեսագրությունը պետք է փոխանցվի իրեն:

Վերջինս  ապրիլի 7-ին պատասխանելով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հրավերին՝ գրել էր, որ ո՛չ հանձնաժողովում եւ ո՛չ էլ որեւէ այլ ձեւաչափով խնդիր չունի մանրամասներ ներկայացնելու Ադրբեջանի կողմից 2016թ. սանձազերծված ապրիլյան ռազմական ագրեսիայի մասին:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավարի միջեւ մինչ այս տեղի ունեցած հրապարակային նամակագրության համաձայն՝ Սերժ Սարգսյանը չի ցանկանում, որ հանդիպմանն իր հետ քննարկվի որևէ պետական կամ ծառայողական գաղտնիք:

Նշենք,որ  2016-ի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը ստեղծվել է   նախորդ տարվա մայիսին՝ 47 պատգամավորի դիմում-պահանջով:

Իսկ  ավելի վաղ այս նիստին մասնակցելու հրավեր էր ուղարկվել 2016-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովին, սակայն նա հրաժարվել էր մասնակցել:

Հանձնաժողովն արդեն լսել է մի շարք գործող ու նախկին պաշտոնյաների՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյան, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյան, Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզական վարչության նախկին պետ, վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյան:

Նախատեսվում է հանձնաժողովի աշխատանքներն ամփոփել հունիսին: 

 

 

Արմինե Գևորգյան